Ներկայիս Թուրքիայի Սվազի (Սեբաստիայի) նահանգապետ Ալիմ Բարութն ապրիլի 5-ին այցելել է տեղի հայերից մեկի բնակարան՝ շնորհավորելու նրա ընտանիքին Սուրբ Զատիկի կապակցությամբ: Այցն ակտիվորեն լուսաբանել են թուրքական մի շարք լրատվամիջոցներ:
Բարութը կնոջ հետ այցելել է Սեբաստիա քաղաքի հայերից Հերիքա Քոչաքին և նրա ընտանիքին:
Սեբաստիայի նահանգապետն այցելության ընթացքում նշել է, որ «կարևորում է եղբայրությունն ու միասնականությունը»: Նա նշել է, որ «անցյալում Սեբաստիան եղել է ծաղկուն մի շրջան, քրիստոնյաներն ու մուսուլմանները միասին են նշել իրենց տոները, և այժմ ժամանակն է վերհիշել անցյալը»:
Հայ ընտանիքը թուրք նահանգապետին Սուրբ Զատիկի համար պատրաստված ուտեստներ և քաղցրավենիք է հյուրասիրել: Որոշ ժամանակ զրուցելուց հետո Բարութն ու կինը հրաժեշտ են տվել հայ ընտանիքին:
Նշենք, որ Սուրբ Զատիկի կապակցությամբ շնորհավորական ուղերձով է հանդես եկել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Շնորհավորական ուղերձում Էրդողանը նշել է, թե «կրոնական տոները եղբայրության, հանդուրժողականության և միասնականության բացառիկ օրեր են»:
Ըստ Թուրքիայի նախագահի՝ իր երկիրը կարևորում է տարբեր կրոնների ներկայացուցիչների ազատությունը, տարբեր քաղաքակրթությունների բազմազանությունը դիտում որպես ուժ:
Նա նշել է, որ Թուրքիայի քրիստոնյա բնակչության հետ մեկտեղ շնորհավորում է ողջ աշխարհի քրիստոնյաներին կարևոր այս տոնի կապակցությամբ:









































