Մադրիդի «Ռեալ»-ի երկրորդ թիմի` «Կաստիլիա»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ «արքայական ակումբ»-ը հետևում է «Լիվերպուլ»-ի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգի խաղին: Անգլիայի առաջնության շրջանակներում անցկացրած 29 հանդիպումներում 20-ամյա ֆուտբոլիստը 6 գոլի հեղինակ է դարձել:
«Մենք գիտենք Ստերլինգի ունակությունների մասին և, բնականաբար, նա մեր ուշադրության կենտրոնում է: Աշխարհում այնքան էլ շատ չեն ֆուտբոլիստները, ովքեր կարող են հզորացնել «Ռեալ»-ը: Այնպես որ, տրամաբանական է, որ մենք հետևում ենք աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների խաղին:
Մի ամբողջ տարի հետևել ենք Բեյլի խաղին: Նույնը վերաբերում է Իսկոյին և Վարանին: Եթե հարկ լինի, «արքայական ակումբ»-ը կապ կհաստատի «Լիվերպուլ»-ի հետ»,- Daily Mail-ը մեջբերում է Զիդանի խոսքերը:









































