Նախագահական ընտրություններին զուգահեռ՝ սկսվեց ՀԱԿ-ի դե յուրե կուսակցականացման գործընթացը, որը, կարծես թե, բավական նկատելի հետաքրքրություն է առաջացրել քաղաքականության հանդեպ ուշադիր հանրության շրջանում: Սակայն, այս գործընթացն առավելապես դիտարկվում է ՀԱԿ ներքին հարաբերությունների շրջանակում, իսկ թե ինչպիսին են լինելու նորաստեղծ կուսակցության փոխհարաբերությունները քաղաքական սուբյեկտների հետ կամ, այսպես կոչված՝ «քաղաքական սուբյեկտների» հետ Հայաստանում, ինչպես նաև՝ արտերկրի ուժային կենտրոնների հետ, Հայաստանում քիչ է քննարկվում: Իսկ նորաստեղծ կուսակցության գաղափարական կողմն ընդհանրապես դուրս է ուշադրությունից: Բայց այստեղ կա երևի թե նաև բացատրությունը: Հայաստանյան ներքաղաքական կյանքում այս բաղադրիչները տեխնիկական են, այսինքն՝ ոչինչ չորոշող: Անկախ հռչակված գաղափարներից՝ կուսակցությունները կարող են հարաբերվել ում հետ անհրաժեշտ լինի: Նույն ՀԱԿ-ը, որպես դաշինք, չնայած հռչակել էր պայքար ժողովրդավարության և սահմանադրական կարգի համար, այնուամենայնիվ, մեծագույն սիրով դաշնակցեց հակասահմանադրական խորհրդանիշներից մեկի՝ «Բարգավաճ Հայաստանի» հետ:
Այսինքն, այսպիսով բնական է, որ գաղափարական, ծրագրային, քաղաքական կողմերը չեն քննարկվում: Հայաստանի հասարակությունը չի հավատում այդ կողմերին և հետաքրքրվում է ընդամենը շոուի մասով: ՀԱԿ-ն էլ, որպես դե յուրե քաղաքական դաշինք, սակայն դե ֆակտո վաղուց ի վեր կուսակցություն, իր գործունեության ընթացքում չի վարել այնպիսի քաղաքականություն, որը կնպաստեր հանրային քաղաքական ճաշակի, պատկերացումների, քաղաքականության ընկալման չափորոշիչների փոփոխությանը, մակարդակի բարձրացմանը: Ավելին, ՀԱԿ կուսակցության ստեղծումն ինքնին ոչ այլ ինչ է, եթե ոչ ստեղծված ինտրիգային խառնաշփոթը հանգուցալուծելու հարմար տարբերակ: Բայց ինչքան էլ որ խոսքը ՀԱԿ-ի «ներքին գործերի» մասին է, միևնույն է՝ կասկած չկա, որ այդ հանգուցալուծումը որևէ կերպ անդրադառնալու է նաև ներքաղաքական ընդհանուր դասավորության վրա և ունենալու է իր արտահայտվածությունը, դրսևորումը: Եվ հարցը հետաքրքիր է հենց այս, ոչ թե ՀԱԿ-ի ներքին հարաբերությունների տեսանկյունից:
Ի վերջո՝ պարզ է, որ այն ուժերից, որոնք ՀԱԿ դաշինքի անդամ են, ով չանցավ ՀԱԿ կուսակցության թրի տակով՝, հայտնվելու է նորաստեղծ կուսակցության թիրախի դերում և, այսպես ասած, հանգիստ կյանք չի ունենալու:
Ինչպե՞ս է արտահայտվելու նոր կուսակցության ստեղծումը ներքաղաքական դաշտում: Այն լինելու է զուտ իրավաբանական նորամուծությո՞ւն, թե՞ այնուամենայնիվ, կլինեն որոշակի մարտավարական փոփոխություններ: Ըստ էության, տրամաբանությունը հուշում է, որ էական սրբագրումներ չեն կարող լինել այն պատճառով, որ ՀԱԿ-ը դաշինքից կուսակցություն է դառնում հենց այն բանի համար, որ առավել անխոչընդոտ շարունակի այն, ինչ անում էր մինչև այսօր: Պարզապես եթե մինչ այսօր կային զուտ կառուցվածքային արգելքներ, ապա կուսակցական կառուցվածքը կվերացնի դրանք, հետևաբար նաև հնարավորություն կտա առավել անարգել զբաղվել այն քաղաքականությամբ, որով ՀԱԿ-ը զբաղվում էր Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ մինչև այսօր: Սակայն, այստեղ խնդիրն այն է, որ այն, ինչով Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ ՀԱԿ-ը զբաղվում էր, մեծապես կախված էր ոչ այնքան ՀԱԿ-ից, ինչքան ԲՀԿ-ից և նաև՝ ՀՀԿ-ից, նաև՝ նրանց փոխհարաբերություններից: Այսինքն, եթե ԲՀԿ-ն չզբաղվի նրանով, ինչով զբաղվում էր, ՀԱԿ-ն այլևս զբաղվելու բան չի ունենա՝ լինի կուսակցության տեսքով, թե որևէ այլ իրավաբանական կարգավիճակով: Վկայությունը նախագահական ընտրություններն էին, որում երբ ԲՀԿ-ն հետ քաշվեց, ՀԱԿ-ին պարզապես այլ բան չէր մնում, քան անել նույնը: Իսկ ինչով է զբաղվելու ԲՀԿ-ն, առայժմ պարզ չէ, որովհետև այդ հարցն էլ, ըստ էության, ԲՀԿ-ում չէ, որ լուծվում է:









































