Փոթորիկների ուսումնասիրման ամերիկյան կենտրոնի զեկույցում նշված է, որ 2012-ի հոկտեմբերի վերջին ԱՄՆ-ի Արևելյան ափին մոլեգնած «Սենդի» փոթորիկը 72 մարդու կյանք է խլել և ԱՄՆ տնտեսությանը հասցրել է 50 մլրդ դոլարի վնաս,- հայտնում է vesti.ru-ն:
Այսպիսով, «Սենդին» դարձել է ԱՄՆ պատմության մեջ երկրորդ ամենաթանկ փոթորիկը. ավելի մեծ վնաս է հասցրել «Կատրինը», որն ԱՄՆ-ում մոլեգնել է 2005-ին: Այն ժամանակ երկրի տնտեսությունը կորցրել է մոտ 128 մլրդ դոլար:
Չնայած «Սենդին» հարվածել է հիմնականում Նյու Յորք և Նյու Ջերսի նահանգներին՝ դրա հետևանքները զգացել են նաև ԱՄՆ-ի մեծ մասի բնակիչները,- հիշեցնում է ITAR-TASS-ը:
Մասնագետների տվյալներով՝ նվազագույնը 87 ամերիկացի մահացել է հաստատապես փոթորկի հետ կապված հիվանդություններից, օրինակ՝ էլեկտրաէներգիայի երկարատև բացակայության պատճառով սառել են, կամ աղետից հետո վերականգնողական աշխատանքների ժամանակ են մահացել: «Սենդին» նաև 69 մարդու կյանք է խլել Կարիբյան ավազանի պետություններում:







































