Քեմբրիջի համալսարանում արված հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ կրծքով կերակրող կանայք հետագայում Ալցհեյմերի հիվանդության զոհ դառնալու ավելի քիչ հավանականություն ունեն։ Նրանց շրջանում հիվանդացությունն ավելի նվազ է եղել, քան նրանց շրջանում, ովքեր արհեստական սննդով էին կերակրում կամ ընդհանրապես երեխա չունեին։
Journal of Alzheimer’s Disease-ում հրապարակված տվյալները թույլ են տալիս ենթադրություն անել, թե կրծքով կերակրումը կնոջ օրգանիզմի վրա կենսաբանական ինչ ազդեցություն է թողնում, որը բարդացնում է Ալցհեյմերի հիվանդության զարգացումը։
Ընդհանուր առմամբ, որքան ավելի երկար է երեխային կրծքով կերակրելու շրջանը, այնքան ավելի նվազ է դեմենցիայով հիվանդանալու հավանականությունը։
Ավելի վաղ գիտնականներն արդեն ապացուցել են, որ կրծքով կերակրումը նվազեցնում է մոր՝ բազմաթիվ այլ հիվանդությունների զոհ դառնալու վտանգը, բայց մինչև վերջին պահը գիտությունը գրեթե ուշադրություն չէր դարձնում կրծքով կերակրման և Ալցհեյմերի հիվանդության միջև եղած կապին։ Իրենց եզրակացությունները Քեմբրիջի համալսարանի գիտնականներն արել են՝ ելնելով 81 կանանց հետազոտությունից։ Եվ թեպետ այս քանակն ակնհայտորեն բավարար չէ վերջնական եզրահանգման համար, գիտնականներն ասում են, որ կրծքով կերակրելու ազդեցությունը դեմենցիայի զարգացման վրա բավականին հաճախ է նկատվում։
Իսկապես, այն կանանց դեպքում, որոնց հարազատները բախվել են Ալցհեյմերի հիվանդությանը, պաշտպանվածությունն ավելի ցածր է եղել։









































