Թուրքական Postaթերթիփոխանցմամբ,հրապարակվել է քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ) թեկնածու-պատգամավորների ցանկը: Այն կազմել են ԽԺԿ համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Գյուլթան Քըշանաքը: Նրանք ընտրել են 61 անկախ թեկնածուի, որոնք առաջադրվելու են երկրի 39 նահանգներում:
Ուշագրավ է, որ ԽԺԿ-ի այդ ցուցակում որևէ հայազգի թեկնածու չկա:Հիշեցնենք, որ նախկինում նշվում էր, որ ԽԺԿ-ն մտադիր է Ստամբուլի 2-րդ ընտրատեղամասից առաջադրել հայ գրող և լրագրող Հայկո Բաղդատի, ապա նաև ծագումով Արտվինից, հայազգի Իսմեթ Շահինի թեկնածությունը: Դրանից առաջ էլ խոսք էր գնում Ստամբուլի հայկական «Ագօս» թերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի եղբայր Օրհան Դինքի թեկնածության առաջադրման մասին:
Պետք է նշել, որ թուրքական խորհրդարան մուտք գործելու համար քաղաքական կուսակցություններից պահանջվում է հաղթահարել քվեների 10 տոկոսանոց արգելքը: Եվ քանի որ քրդական կուսակցությունը կարող է հավաքել քվեների մինչև 6 տոկոսը, ուստիև առավել նպատակահարմար է համարվում խորհրդարանական ընտրություններին անկախ թեկնածուներով հանդես գալը, ապա նաև խորհրդարանական խմբակցություն ձևավորելը:









































