Հայաստանի, Վրաստանի եւ Արեւելեան Եվրոպայի Հայ Կաթողիկէ թեմի առաջնորդ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանի կարծիքով՝ ով էլ ընտրվի Հռոմի Պապ, հարաբերությունները առաքելական եկեղեցու հետ չեն փոփոխվի. «Եկեղեցու մեջ ծառայողները, նույնիսկ՝ գլուխը, չի տարբերվում մյուսներից, եկեղեցու սպասավորը Քրիստոսի ներկայացուցիչն է: Հետևաբար, երբ փոխվում է անձը, եկեղեցու գործունեությունը չի փոխվում: Արդեն 4-5 Հռոմի Պապ է փոխվել, սակայն հարաբերություններն առաքելական եկեղեցու հետ նույնն են»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց սրբազան հայրը:
Նրա մեկնաբանությամբ՝ Հայ առաքելական եկեղեցու հետ հարաբերությունները գնալով ավելի են խորանում և մտերմանում: Ըստ նրա՝ առաքելական եկեղեցու հետ ոչ մի տարբերություն չկա, եղածը վարչական տարբերություններ են. «Միայն մարդկային հաստատության՝ եկեղեցու ձևն է տարբեր և ոչ թե՝ աստվածաբանականը: Ոչ մի բաժանում չկա, շատ ավելի կարևոր է եղբայրությունը»:
Այն հարցին, թե կա՞ Հռոմի Պապի հավանական թեկնածու, նա պատասխանեց, որ աշխարհի չորս ծագերից եկած կարդինալներից յուրաքանչյուրն էլ կարող է ընտրվել, բոլորն էլ թեկնածու են. «Հնարավոր է՝ մեկ օրվա, հնարավոր է՝ տասն օրվա ընթացքում հավասար եղբայրների միջից առաջին պատասխանատուն կընտրվի, մնում է սպասել, թե ով կշալակի այդ խաչն ու առաջ կտանի եկեղեցին»: Կարդինալներին կհավաքեն կոնկլավի մեջ (կարդինալների հավաք) և այնտեղից դուրս չեն գա այնքան ժամանակ, քանի դեռ Հռոմի Պապ չեն ընտրել:
Նշենք, որ աշխարհի 63 երկրներում կան 203 կարդինալներ, ովքեր իրենց կարմիր հագուստներով տարբերվում են կաթոլիկ եկեղեցու մյուս սպասավորներից: Հռոմի Պապի ընտրություններին կարող են մասնակցել միայն այն կարդինալները, որոնց 80 տարին չի լրացել:











































