Ղազախստան են ժամանել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի զինծառայողները՝ «Տափաստանային արծիվ-2015» համատեղ խաղաղարար զորավարժություններին մասնակցելու համար: Այս մասին հայտնում է rbc.ru-ն՝ վկայակոչելով այդ երկրի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը:
Այդ զորավարժությունները կանցկացվեն երկու փուլով՝ այս տարվա ապրիլին և հունիսին: Առաջին փուլում բրիտանացի զինվորականները տակտիկական մարզումներ կանցկացնեն «Կազբաթ 1» ստորաբաժանումների հետ:
Զորավարժությունների առաջին շաբաթը զինվորականները կսովորեն տակտիկական առաջադրանքներ կատարել, երկրորդ շաբաթը նվիրված կլինի դաշտային զորավարժություններին՝ ազատ տակտիկական մթնոլորտի պայմաններում:
Ամերիկացի զինվորականները միաժամանակ կուսուցանեն ղազախ գործընկերներին:
Զորավարժությունների գլխավոր նպատակն է ՄԱԿ-ի խաղաղարար գործողությունների անցկացման ժամանակ Ղազախստանի խաղաղապահների գործնական հմտությունների մշակումը և ստորաբաժանումների մարտունակության բարձրացումը՝ հակառակորդ կողմերի միջև հակամարտության պայմաններում խաղաղարար գործողությունների իրականացման ժամանակ:




































