ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը Լիբանանում հաստատել է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելի իշխանությունները պատրաստվում են զինանդադարի պայմանագիր կնքել` միաժամանակ նշելով, որ իրենց կազմակերպությունը «շատ կտրուկ կարձագանքի բռնազավթիչների կողմից այս պայմանագրի ցանկացած խախտման»: Այս մասին հաղորդում է իսրայելական ZMAN կայքը:
Reuters գործակալությունը, հղում անելով ՀԱՄԱՍ-ի իր աղբյուրին, նշել է, որ «կողմերը եկել են կրակի դադարեցման վերաբերյալ համաձայնության. ՀԱՄԱՍ-ը դադարեցնում է ռմբակոծությունները, իսկ Իսրայելը` օդային հարձակումները Գազայի վրա»: Ավելի վաղ իսրայելական ռադիոյի ուղիղ եթերում ՀԱՄԱՍ-ի կառավարության պաշտպանության նախարարի տեղակալ Ղազի Համադը դիմել էր իսրայելական բանակին` դադարեցնելու ռազմական գործողությունները. «Մենք շահագրգռված ենք լռությամբ: Մենք խնդրում ենք իսրայելական բանակին դադարեցնել հարձակումները»:
Պաշտոնական Իսրայելը դեռ չի հաստատում այս լուրերը: Սակայն այսօր Իսրայելի արտաքին գործերի նախարար Ավիգդոր Լիբերմանը քննադատության է ենթարկել ՀԱՄԱՍ-ի հետ հնարավոր խաղաղության համաձայնագիրը` նշելով, որ այդ քայլը սխալ է, և դրա փոխարեն Իսրայելը պետք է ձգտի գահընկեց անել Գազայի ահաբեկչական ռեժիմը:









































