Նոր Հռոմի պապի ընտրություններում ԱՄՆ-ի ձայնը լինելու է ամենաազդեցիկը Իտալիայի ձայնից հետո: Այս մասին ասվում է NBC News հեռուստաալիքի կայքում հրապարակված հոդվածում:
«11 ընտրող կադինալներ՝ կոնկլավի շուրջ 10%-ը, կլինեն ամերիկացիներ: Սա ամենամեծ բաժինն է, որ երբևէ ունեցել է ԱՄՆ-ը, չնայած ԱՄՆ-ում պատմականորեն ապրում են շատ թվով կաթոլիկներ»,- նշվում է հոդվածում:
Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը նպաստել է Վատիկանում ամերիկյան ազդեցության ուժեղացմանը: 2012 թ. նա նշանակել է երեք ամերիկացի նոր կարդինալների՝ ամերիկացի կարդինալների թիվը հասցնելով 19-ի: Նրանցից միայն 11-ը կարող են քվեարկել կոնկլավում, քանի որ կանոնների համաձայն՝ պապի ընտրություններին կարող են մասնակցել միայն մինչև 80 տարեկան կարդինալները:
«Ամերիկյան ազդեցության ուժեղացումը կարդինալ ընտրողների շրջանում կարող է նշանակել, որ Բենեդիկտոս 16-րդը շատ լավ հասկանում է, որ կաթոլիկությունը դադարել է լինել գերազանցապես եվրոպական պաշտամունք»,- նշվում է հրատարակությունում:
Հոդվածի հեղինակը նշում է, որ 11 ձայներով ԱՄՆ-ը դառնում է մեծությամբ երկրորդ բլոկը՝ զիջելով միայն Իտալիային, որն ունի 28 ընտրող: Իսկ երրորդ տեղում է Գերմանիան, որն ունի վեց ձայն:
Հիշեցնենք, որ երկուշաբթի Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը հայտարարել է, որ հրաժարվում է գահից պատկառելի տարիքի պատճառով և պատրաստվում է պաշտոնից հեռանալ փետրվարի 28-ին:









































