Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն անձամբ է օդ բարձրացրել նոր թեթև տեսակի քաղաքացիական ինքնաթիռներից մեկը, որոնց արտադրությունը սկսվել է երկրի մեքենաշինական գործարաններից մեկում: Այս մասին հայտնում է ճապոնական «Ռադիո-պրեսս» գործակալությունը, որը զբաղվում է Փխենյանի ԶԼՄ-ների մոնիթորինգով:
Նրա տեղեկությամբ՝ Հյուսիսային Կորեայի կենտրոնական «Նոդոն սինմուն» թերթը մի շարք լուսանկարներ է հրապարակել փորձնական թռիչքներից, այդ թվում նաև լուսանկարներ, որոնցում պատկերված է Կիմ Չեն Ինն օդանավի խցիկում: «Նա անձամբ է նստել ինքնաթիռի ղեկին և դրանով թռիչք ու վայրէջք իրականացրել»,- գրում է «Ռադիո-պրեսս»-ը:
Հաղորդվում է նաև, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը գովել է նոր մեքենայի որակը: «Այն բարձր բնութագրեր ունի: Այդ ինքնաթիռը հեշտ է կառավարել, շարժիչը լավ ձայն ունի»,- ասել է Կիմ Չեն Ինը:
Կիմ Չեն Ինը վստահություն է հայտնել, որ ռազմական ինքնաթիռների արտադրության երկար պատմությամբ նոր ինքնաթիռներն արտադրող արդյունաբերական ձեռնարկության աշխատակազմը կկարողանա կարգավորել տարբեր տեսակների քաղաքացիական օդանավերի թողարկումը:
Ձեռնարկության գտնվելու վայրը և դրա տեսչական ստուգման ժամանակը Հյուսիսային Կորեայի ԶԼՄ-ները չեն նշում:











































