Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը «Առավոտի» հետ զրույցում արձագանքում է Հրանտ Բագրատյանի ասածներին:
– ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը մամուլի ասուլիսի ընթացքում արտահայտել է իր դիրքորոշումը՝ կապված միասնական թեկնածուի գաղափարի հետ, ասելով, որ կմիանա այդ գաղափարին, եթե թեկնածուները հայտարարեն, որ իրենք ընդդիմադիր են, և որ Սերժ Սարգսյանի ընտրվելու դեպքում պաշտոն չեն ստանձնելու: Ինչպե՞ս կմեկնաբանեք այն, կարձագանքե՞ք դրան:
– Մամուլից տեղեկացանք պարոն Բագրատյանի նախապայմաններին: Նախ ասեմ, որ մեզ համար տարօրինակ է իրար հետ բաց նամակներով կամ անուղղակի այլ ձևով շփման ոճը, քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանը միշտ բաց է եղել անմիջական շփման համար, պարբերաբար կապի մեջ է լինում գործընկերների հետ անմիջապես կամ հեռախոսակապով:
Անդրադառնալով միասնական թեկնածուով հանդես գալու գաղափարին՝ նշեմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ասել է, որ պատրաստ է քննարկել այդ տարբերակը առանց նախապայմանների: Ինչ վերաբերում է ընդդիմություն լինել-չլինելուն, ապա մտահոգիչ է այն, որ մինչ այժմ Հրանտ Բագրատյանի համար Րաֆֆի Հովհաննիսյանի՝ բազմամյա քաղաքական գործունեությունից պարզ չի դարձել նրա՝ ընդդիմություն լինելու փաստը: Վերջապես՝ մենք այսօր արդեն կարող ենք ասել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չի շնորհավորի Սերժ Սարգսյանին, քանի որ ազատ և օրինական ընտրությունների դեպքում Րաֆֆի Հովհաննիսյանը կհաղթի, և միակ «պաշտոնը», որ նա կստանձնի, լինելու է նախագահի պաշտոնը, որը նա համարում է ընդամենը սեփական ժողովրդին ծառայելու հնարավորություն: Եվ ով որ իսկապես ընդդիմադիր է՝ պետք է հավատա ժողովրդի հաղթանակին և ապահովի այն:










































