Վրաստանի նախագահական նստավայրում կայացած հանդիպումից կողմերը գոհ էին: Հանդիպումից հետո երկրի նախագահ ՄիխեիլՍաակաշվիլին, խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին և խորհրդարանական փոքրամասնության առաջնորդ Դավիթ Բաքրաձեն հանդիպումն անվանել են «գործնական»:
«Հանդիպումը գործնական բնույթ էր կրում, և մենք փետրվարի 8-ի միջադեպի առնչությամբ մեր մտահոգությունն ենք հայտնել ու պայմանավորվել ենք, որ բոլոր հարցերը հարկավոր է լուծել խորհրդարանի պատերի ներսում, այլ ոչ թե փողոցում, քանի որ այն, ինչ բերում է փողոցը, մենք տեսել ենք 90-ականներին, երբ երկիրն անկառավարելի էր դարձել»,- նշել է նախագահը:
Նա ընդգծել է, որ «հանցավոր խումբը» հարձակվել է ընդդիմության ներկայացուցչի վրա, և որ նման արարք այլևս թույլ տալ չի կարելի: «Մենք շահագրգռված ենք, որպեսզի նման բան այլևս չկրկնվի, մենք ցանկանում ենք, որպեսզի քննարկումները լինեն խորհրդարանում: Դեռևս կոնկրետ պայմանավորվածություն չկա, սակայն գլխավորն այն է, որ քննարկումը կշարունակվի երկխոսության ձևով»,- ասել է Սաակաշվիլին:
Ուսուպաշվիլին ընդգծել է, թե իր մոտ այսօրվա հանդիպումից հետո կարծիք է ձևավորվել, որ երկխոսությունն անհեռանկարային չէ: «Համաձայնությունը դեռևս հեռու է, սակայն այն անհեռանկարային չէ, և այն մեր կամ նախագահի կողմից գովազդային ակցիա չէ: Կարծում եմ, որ երկու կողմերն էլ քաջ գիտակցում են, որ հարկավոր է համաձայնության գալ»,- ասել է նա: Խորհրդարանի նախագահը միևնույն ժամանակ նշել է, որ համամիտ չէ երկրի նախագահի հետ, երբ նա քաղբանտարկյալներին «հանցախումբ» է կոչում: «Նրանք հանցագործներ չեն, նրանք մարդիկ էին, ովքեր ընդդիմացել էին, չնայած օրենքը խախտել էին, և բոլոր նրանք, ովքեր խախտել են օրենքը, պետք է պատժվեն: Նման երևույթները երկրին օգուտ չեն բերի»,- ընդգծել է նա:
Հանդիպումից գոհ է եղել նաև Բաքրաձեն, ով ընդգծել է, որ կան հարցեր, որոնց շուրջ համաձայնություն ձեռք չի բերվել, սակայն կան հարցեր, որոնց շուրջ համաձայնություն ձեռք բերել հնարավոր է:
«Մեզ համար կարևոր է ընդդիմության մասնակցությամբ սահմանադրական փոփոխությունների կատարումը, և որ որոշումը կայացվի առանց ընդդիմադիր պատգամավորների վրա ճնշումների գործադրման: Մենք պատրաստ ենք քննարկումների, և կարծում եմ՝ անհրաժեշտ է այնպիսի մեխանիզմներ մշակել, որոնք մեզ զերծ կպահեն ճնշումներից»,- ասել է Բաքրաձեն:
Նախագահը դժգոհություն է արտահայտել, որ վարչապետը հանդիպմանը չի մասնակցում, և հույս է հայտնել, որ հետագա երկխոսություններին նա կմասնակցի:








































