Մեքսիկայի իշխանությունները ներմուծում են նոր միջոցառումներ, համաձայն որոնց՝ օդաչուն չպետք է խցում մենակ մնա։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով երկրի քաղավիացիայի գլխավոր տնօրինության ղեկավար Խիլբերտո Լոպես Մեյերին։
Եթե օդաչուն պետք է լքի խցիկը, ապա անձնակազմի մեկ այլ անդամ պետք է ներս մտնի՝ այնուհետև նրա վերադարձին դուռը բացելու համար։
Համապատասխան միջոցառումները ներմուծվում են մի շարք երկրներում՝ կապված Ֆրանսիայում մարտի 24-ին ուղևորատար Airbus A320 ինքնաթիռի կործանման հետ։ Երկրորդ օդաչու Անդրեաս Լյուբիցը, մենակ մնալով խցում, փակել էր դուռն ու օդանավը ներքև ուղղել։ Վթարի հետևանքով զոհվել են օդանավում եղած բոլոր 150 անձինք։
Երեկ հայտնի էր դարձել Ավստրալիայի կողմից «օդաչուական խցիկում՝ 2 անձ» կանոնի սահմանման մասին։










































