Scottish Sun պարբերականին տված հարցազրույցում «Յուվենթուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հայտարարել է, որ իր գործընկերոջը` «Սելթիկ»-ի դարպասապահ Ֆրեյզեր Ֆորստերին լուրջ փորձություն է սպասվում Իտալիայի չեմպիոնի դեմ խաղերի ժամանակ: Բացի այդ, թուրինյան ակումբի վետերանը նշել է, որ ժամանակի ընթացքում 24-ամյա Ֆորստերի անունը կարող է գրվել Եվրոպայի լավագույն դարպասապահների հնգյակում:
«Ֆորստերին 2 կարևորագույն խաղեր են սպասվում: Բոլորը տեսնում են նրա տաղանդն ու վարպետությունը, սակայն Չեմպինների լիգայի գավաթի խաղարկության փլեյ-օֆֆը նաև նյարդերի ստուգում է: Եթե դարպասապահը նյարդայնանում է, նա հաճախակի սխալվում է:
Ինձ դեռ դուր է գալիս այն, ինչ անում է Ֆորստերը: Կարծում եմ` ժամանակի հետ նա կդառնա Եվրոպայի 5 լավագույն դարպասապահներից մեկը: Ջո Հարթը հիանալի դարպասապահ է, և, եթե Ֆրեյզերը շարունակի այսպիսի խաղային որակներ ցուցադրել, նրա համար լուրջ մրցակից կդառնա հավաքականում»,- նշել է Բուֆոնը:



































