Իսպանիայի իշխանությունները սառեցրել են հարյուրավոր ռուսաստանցիների բանկային հաշիվներ, որովհետև նրանք չեն բացատրել իրենց կապիտալի ծագումը, գրում է Deutsche Welle-ն։
Այդ միջոցառումները ձեռնարկվել են Իսպանիայի իշխանությունների՝ կապիտալի լվացման և հարկերի չվճարման դեմ պայքարի համատեքստում։ 2015 թ. սկզբին Իսպանիայում բնակվում էր մոտ 65 հազար ռուսաստանցի։ Վալենսիական ինքնավար համայնքի փաստաբանների կոլեգիայի անդամ Գրեգորիո Ֆուենտեսը պարզաբանել է, որ փողերի լվացման դեմ պայքարի մասին օրենքն ընդունվել է դեռևս 2010 թ. ապրիլին։ Նրա խոսքերով՝ իշխանություններն իրավունք են ստացել սառեցնելու նրանց հաշիվները, ովքեր չեն ներկայացրել համապատասխան փաստաթղթեր և չեն բացատրել, թե որտեղից են ծագել իրենց միջոցները։
Ըստ փաստաբանի՝ ոչ բոլոր միգրանտներն են մեծ ուշադրության արժանանում, այլ միայն նրանք, ովքեր խոշոր բանկային հաշիվներ ունեն։








































