Դյուսելդորֆի քննչական ոստիկանությունը Ֆրանսիական Ալպերում կործանված Airbus A320 ուղևորատար ինքնաթիռի երկրորդ օդաչուի՝ Անդրեաս Լուբիցի մոտ լուրջ հոգեկան հիվանդության ապացույցներ է գտել: Այս մասին հաղորդում է Die Welt-ը:
«27-ամյա տղամարդը եղել է մի քանի նյարդաբանների և հոգեբույժների հսկողության ներքո»,- հայտարարել է ոստիկանության ավագ քննիչը օդաչուի տան խուզարկությունից հետո:
Քննչական խումբն Անդրեաս Լուբիցի տանը տարբեր հոգեմետ դեղեր է գտել, որոնք հոգեկան հիվանդությունների բուժման համար են նախատեսված: Ոստիկանությունն ալկոհոլային կամ թմրանյութային կախվածության ապացույցներ չի գտել:
Քննիչը նաև հայտնել է, որ Լուբիցը տառապել է «աշխատավայրում սպառման համախտանիշով» և ճնշված վիճակում է գտնվել:
«Դա ակնհայտ է նրա տանը գտնված տարբեր ձայնագրություններից»,- հայտնել է նա:









































