ԱՄՆ-ում մինչ այսօր չեն դադարում զենքի գնման և տիրապետման կանոնների խստացման շուրջ բանավեճերը։ Նյույորքյան մի խումբ ակտիվիստներ փորձում են մարդկանց համոզել ընդհանրապես ձեռք չբերել այն։ Շարժման մասնակիցները կարծում են, որ նույնիսկ եթե ողջ երկիրը զինվի, կյանքն ավելի անվտանգ չի դառնա։ Նրանք սոցիալական փորձ են անցկացրել, որը ազդել է որոշ պոտենցիալ գնորդների վրա։ Մանրամասները ներկայացնում է RT-ն։
Պոտենցիալ գնորդները, ովքեր որոշել են զենք ձեռք բերել, այցելում են Նյու Յորքում բացված նոր խանութ։ Իրականում այդ խանութը բոլորովին էլ զենք չի վաճառում։ Այստեղ զենքի ապագա տերերին պատմում են այն մարդկանց մասին, որոնց ողբերգական մահը կապված է ցուցափեղկի հետևում ներկայացված զինատեսակներից յուրաքանչյուրի օգտագործման հետ։
Դրանք կյանքից վերցված դեպքեր են՝ մի երեխա կրակել է մյուսին, իրական սպանություններ և ինքնասպանություններ։ Մարդկանց պատկերավոր կերպով ներկայացնում են, թե որքան վտանգավոր է զենքի ձեռք բերումը, և նրանք սկսում են մտածել։ Սրանում էլ կայանում է փորձի էությունը։
Լիա Բարրետը՝ «Նյու Յորքի բնակիչները՝ ընդդեմ հրազենի» շարժման գործադիր տնօրենը, պատմել է, որ իրենց կեղծ խանութը գոյատևել է երկու օր։
Խանութում տեղի ունեցածը նկարահանվել է թաքնված տեսախցիկով, այնուհետև ստացված տեսանյութը վերածել են սոցիալական գովազդի։
Թաքնված տեսախցիկները տեսագրել են գնորդների արձագանքը։
«Մենք ցանկանում ենք, որ մարդիկ լավ մտածեն սպանության համար նախատեսված զենքը տուն տանելուց առաջ։ Միայն դա և ուրիշ ոչինչ՝ որպեսզի նրանք ևս մեկ անգամ մտածեն»,- ասել է Բարրետը։
Վիճակագրական տվյալներով՝ 10 ամերիկացիներից 6-ը հավատում է, որ տանը պահվող զենքը տունն ավելի անվտանգ է դարձնում։




































