Հայաստանում վերջին երկու տարում մեկուկես անգամ ավելացել է անպտղության խնդիրներ ունեցող տղամարդկանց թիվը: Հիմնականում դիմում են 29-38 տարեկան տղամարդիկ: Ախտորոշվելու նպատակով տարեկան դիմում է 3000-4000 տղամարդ, որոնց 30 տոկոսը՝ անպտղության խնդիրներով: Վերջիններիս 40 տոկոսի մոտ պատասխանները բարվոք չեն: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման թվեր ներկայացրեց «Ցիտո» ախտորոշիչ կենտրոնի լաբորատոր ծառայության ղեկավար Անահիտ Պետրոսյանը:
Բժիշկ-ուրոլոգ, Վ. Ավագյանի անվան բուժկենտրոնի անդրոլոգիայի ծառայության ղեկավար Գևորգ Գրիգորյանն իր հերթին նշեց, որ համաձայն համաշխարհային փորձի՝ ամուսնական զույգերի 15 տոկոսը բուժվում է անպտղության դեմ, որից 5 տոկոսի մոտ բուժումն արդյունք չի տալիս:
Խոսելով անպտղության մասին՝ նա նշեց, որ մեզ մոտ 50 տոկոս դեպքերում մեղավորը տղամարդն է, որի սերմի վրա կարող են բացասաբար ազդել ալկոհոլը, սնունդը, թմրամիջոցները, շրջակա միջավայրի աղտոտվածությունը, շաքարային դիաբետը:
Անահիտ Պետրոսյանն էլ իր հերթին նշեց, որ պտղաբերության վրա բացասաբար են ազդում ԱԷԿ-ը, արտագնա աշխատանքը, որի ժամանակ վերջիններս վարակվում են գրեթե բոլոր վարակներով, և Պղնձամոլիբդենային գործարանը: «Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ ծանր մետաղները ազդում են սերմի որակի վրա»,- հավելեց Անահիտ Պետրոսյանը:
Նա որպես դրա վառ օրինակ վկայեց այն, որ մեզանում մեծացել է ախտորոշիչ կենտրոնների թիվը, որոնց գոյությունը պայմանավորված է հիվանդների թվաքանակի մեծացմամբ: «Ասեղ գցելու տեղ չկա: Դա վկայում է այն մասին, որ խնդիր ունենք»,- ասաց նա:
Վերջինս իր խոսքում հավելեց, որ անհրաժեշտ է ժամանակին դիմել բժշկի:









































