Ամերիկյան հատուկ ծառայությունները Ֆրանսիան և Իսրայելը համարում են արդյունաբերական կիբերլրտեսության գլխավոր աղբյուրներ՝ Ռուսաստանի և Չինաստանի կողքին: Այս մասին հայտնում է Washington Post-ը՝ հղում անելով ազգային հետախուզական տվյալներին:
ԱՄՆ-ը բազմիցս Չինաստանն ու Ռուսաստանը անվանել է գլխավոր կիբերսպառնալիքներ: Դեռևս 2011-ի նոյեմբերին Ազգային հակահետախուզական վարչությունը կոնգրեսին ուղղված զեկույցում հաղորդել էր, որ այդ երկու երկրների հաքերները ակտիվորեն փորձում են համացանցի միջոցով ներխուժել պաշտպանված սերվերներ, որտեղ պահվում է տնտեսական կամ պաշտպանական բնույթի տեղեկատվություն: Չինաստանը բազմիցս հերքել է իր մասնակցությունը կիբերտարածությունում իրականացրած ցանկացած գործողության և հայտարարել համացանցի չինական հատվածում ամերիկյան կիբերակտիվության մասին:
Նոր փաստաթղթում, որը ԱՄՆ-ի համար պատրաստել է Հետախուզության ազգային խորհուրդը, ամերիկյան բիզնեսի համար կրկին հիմնական վտանգ են ճանաչվել չինացի հաքերները: Համաձայն հետախուզական տվյալների՝ չինացիները ամերիկյան համակարգչային համակարգերում փնտրում են տեղեկություն էներգետիկայի, ֆինանսների, տեղեկատվական տեխնոլոգիաների մասին, ինչպես նաև հետաքրքրվում ավիատիեզերական և ավտոմոբիլային ոլորտներով:
«Հետախուզական գնահատականի» հեղինակները չեն հստակեցրել հաքերների պատճառած տնտեսական վնասի չափը: Վերլուծաբանների կարծիքով՝ այն կարող է կազմել մի քանի տասնյակ միլիարդ դոլար:








































