Ընտրությունները հետաձգելը լրացուցիչ գլխացավանք է իշխանության համար. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանն՝ անդրադառնալով ՀՀ նախագահական ընտրությունների հնարավոր հետաձգմանը: Թեկնածուի կարծիքով՝ իշխանությունների համար դա լրացուցիչ գլխացավանք է, ցանկալի չէ նման իրավիճակը որևէ իշխանության համար:
Անդրադառնալով իր քարոզչությանն՝ նա ասաց, թե չի բացառում, որ իր հիմնական պահանջի վերաբերյալ ԿԸՀ-ն մերժում ներկայացնի: Սակայն նախագահի թեկնածուն լիահույս է, որ այդպիսի բան չի լինի:
«Դիմել էի ԿԸՀ՝ խնդրելով իմ պահանջած մոտեցումների վերաբերյալ արտահայտել վերաբերմունք մինչև փետրվարի տասներեքը: Կսպասեմ մինչ այդ և կհայտնեմ իմ դիրքորոշումը: Քարոզարշավի արդյունքներից գոհ եմ: Չափում եմ քաղաքացիների հետ անմիջական շփումների միջոցով: Ես սկսել եմ զգալ մարդկանց համակրանքն ու վերաբերմունքը, թեև իմ ծրագրերի մասին չեմ խոսում, անմիջական քարոզչություն չեմ իրականացնում»,- ասաց թեկնածուն:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի









































