ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանն այսօր «Հայացք» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ընթացքում խոսեց սոցիոլոգիական հարցումների մասին և ասաց.
«Ամոթ է, Եվրոպայից գալիս, այստեղ թվեր են նկարում, փող են աշխատում։ Դա խայտառակություն է, յա դո նիխ յեշչո դոբիրուս:
Իմ ընտրվելուց հետո այսպիսի բաներ չեն լինելու, մամուլն ու նմանատիպ հարցումներն ազատ են լինելու, սա ի՞նչ բան է:
Վերջերս նմանատիպ հարցում անցկացրածներից մեկն էլ ինձ ասաց, որ իրենց ասել են՝ ինձ քիչ տոկոս գրեն։ Ես վստահ եմ, որ նրանք իշխանությունների պատվերն են կատարում՝ թե՛ այստեղի սոցիոլոգները, թե՛ դրսից եկածները»:
Հրանտ Բագրատյանն իր քարոզարշավի ընթացը շատ լավ է գնահատում, և խոսելով այն կարծիքների մասին, թե իրեն շատ են մեղադրում իր վարչապետ եղած ժամանակ գործած սխալների համար՝ ասաց. «Հակառակը, ինձ շատ են ասում, որ այն ժամանակ նորաստեղծ, անկախ պետություն էր։ Իհարկե, նման կարծիքներ էլ են հնչում, բայց քիչ: Ես վստահ եմ, որ փետրվարի տասնութին ընտրվելու եմ, ուրիշ կարծիք լինել չի կարող, այս երկիրը դարձնելու եմ ազատ երկիր»:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի










































