Սիրիայի ընդդիմադիրների և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի ղեկավար, շեյխ Ահմեդ Մուազ Ալ-Խաթիբը նախագահ Բաշար Ասադի ներկայացուցիչների հետ բանակցությունների անցկացման պատրաստակամություն է հայտնել: Reuters գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին ասվում է ազգային կոալիցիայի ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ:
«Ես անհրաժեշտ եմ համարում իշխող ռեժիմի հետ բանակցությունների անցկացումը՝ նվազագույն արյունահեղությամբ և ավերածություններով հասնելու համար ներկայիս իշխանությունների հեռացման»,- նշվում է հայտարարության մեջ:
Ազգային կոալիցիայի ղեկավարն առաջարկել է բանակցություններն անցկացնել Սիրիայի տարածքում, մասնավորապես՝ ապստամբների վերահսկողության տակ գտնվող երկրի հյուսիսային շրջաններից մեկում:
«Եթե իշխանությունն այդքան անհանգստացած է ինքնիշխանությամբ և չի ցանկանում հեռանալ սիրիական տարածքից, ապա կա համապատասխան որոշում՝ երկրի հյուսիսի ազատագրված հողերը»,- ասել է Ալ-Խաթիբը:
Նրա խոսքով՝ իշխանությունների հետ բանակցությունների գլխավոր հարցերից մեկը պետք է լինի ձերբակալված ընդդիմադիրների, հատկապես կանանց և երեխաների ազատ արձակման վերաբերյալ համաձայնության ձեռք բերումը, ինչպես նաև փախստականների խնդիրը:









































