AdMe.ru-ի խմբագրությունը ամփոփել է հունվարի գովազդային տեսահոլովակները, որոնք, ըստ ընթերցողների և խմբագրակազմի, ճանաչվել են ամենահետաքրքիրները:
Առաջինը ամերիկյան TNT հեռուստաալիքի գովազդն է՝ նկարահանված Նիդերլանդներում: Հոլանդիայում ևս մեկ դրամատիկ շոուի հեռարձակման մեկնարկի գովազդման համար նրանք փողոցներից մեկում կարմիր կոճակ են տեղադրել, որի սեղմումը՝ համաձայն գրության, խոստանում էր դրամա ավելացնել նրանց կյանքին: Կոճակի սեղմումից հետո փողոցներում իսկական իրարանցում է սկսվել, կրակոցներ, պայթյուններ, ոստիկաններ, քաոս… Ավարտին շենքերից մեկից կախվել է ցուցապաստառ՝ «Օրվա ձեր դրամայի չափաբաժինը. TRT» գրությամբ:
Մարկետինգային The Viral Factory ընկերությունը Samsung-ի EcoBubble լվացքի մեքենաների համար գովազդային տեսահոլովակ է նկարահանել արջի մասնակցությամբ: Հոլովակի սյուժեի համաձայն՝ նկարահանումների ժամանակ, որոնք անցկացվել են Կանադայի ձմեռային այգիներից մեկում, նկարահանող խմբի անդամները ականատես են եղել հրաշքի: Անտառից դուրս է եկել մեծ գորշ արջը, որին հավանաբար գրավել էին բարձր ձայները: Կենդանին մոտեցել է լվացքի մեքենային, հանել մորթին ու լվացել, այդ ընթացքում թերթ ընթերցել, պարել Ջեքսոնի երաժշտության ներքո: Լվացքն ավարտվելուց հետո արջը մեքենայից դուրս է բերել արդեն սպիտակ դարձած մորթին, հագել ու կրկին անտառ գնացել: Քիչ ուշ լվացքի մեքենայի մոտ գորշ արջերի հերթ է գոյացել:
Հաջորդ հոլովակում ռոբոտների երաժշտական խումբը ծանր ռոք է նվագում: Երաժշտական խմբի ստեղծողը մետաղական թափոններ մշակող Kernschrott ընկերությունն է, որը թափոնները վերածում է արվեստի իրերի:
Աճպարարության համար նախատեսված ապրանքների ամերիկյան Penguin Magic խանութը կատակել է արագ սննդի վաճառքի շուրջօրյա ցանցերի հետ: Զարմանքի առիթն անտեսանելի վարորդն էր:
Օրերս զարմանալի պատմություն է տեղի ունեցել ռեժիսոր Նիլս Կաստիլոնի հետ: Մարսելում նկարահանումների ժամանակ, երբ ըստ սյուժեի պետք է նկարահանվեր ուղղաթիռի թռիչքի կադր, երկնքում հայտնվել են հազարավոր թռչուններ և սկսել զարմանահրաշ պար: Մոռանալով գովազդի մասին՝ նկարահանող ողջ խումբը նկարահանել է «թռչունների բալետը»:
Բրիտանկան Hadouken երաժշտական կոլեկտիվը People are awesome՝ «Ցնցող մարդիկ» անվանումով տեսանյութ է պատրաստել, որը ոչ թե նկարահանել է, այլ պատրաստել YouTube վիդեոհոսթինգում հայտնված տեսանյութերից: Հոլովակը մեկ շաբաթում ավելի քան 18 միլիոն դիտում է ունեցել: 5 րոպեանոց հոլովակը հագեցած է սուր զգացողություններով, ուժով, վախի բացակայության խիզախ մթնոլորտով:
Mercedes-Benz-ի գովազդում տղան փախչում է տնից: Հոլովակը պատմում է այն մասին, թե ինչի են պատրաստ մարդիկ հանուն Mercedes-Benz-ով շրջագայության: Տղան գնում է ոստիկանություն, հայտնում, որ կորել է, ինչից հետո ոստիկանը նրան նախազգուշացնում է, որ վերջին անգամ է նրան տուն տանում, որից հետո երեխան հարմար տեղավորվում է մեքենայում և հաճույքից նույնիսկ փակում աչքերը:








































