Ամերիկյան Curiosity մարսագնացը բարեհաջող կերպով նմուշ է վերցրել Կարմիր մոլորակի կարծր ապարից: Այն վերցրել է Գեյլա խառնարանից մանիպուլյատոր ձեռքի վրա տեղադրված համապատասխան սարքավորումների միջոցով:
Մարսագնացի գիտական լաբորատորիայում տեղադրված սարքերի միջոցով նմուշի առաջիկա ուսումնասիրությունը թույլ կտա Մարսում ջրի առկայության նոր ապացույցներ ստանալ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով NASA տիեզերական գործակալության Ռեակտիվ շարժման լաբորատորիային:
Առաջիկա օրերին գործակալության աշխատակիցները հրամանների միջոցով մանիպուլյատորին կուղղորդեն վերցրած նմուշը տեղափոխել լաբորատորիայի սեղան:
Հիշեցնենք, որ Curiosity-ն Մարս է ժամանել 2012-ի օգոստոսի 6-ին՝ 687 օրվա ընթացքում հետազոտելու Գեյլա խառնարանը: Սարքն ունի 2.8 մ երկարություն, կշռում է 900 կգ: Այն կարող է թեքվել 360 աստիճանով և հաղթահարել 75 սմ բարձրությամբ խոչընդոտները:
Ամերիկյան տիեզերական գործակալությանը նախագիծն արժեցել է 2.5 մլրդ դոլար:









































