ԱՄՆ պետդեպարտամենտը քննադատել է Թբիլիսիի Ազգային գրադարանի շենքի մոտ նախօրեին տեղի ունեցած դեպքերը: Այս մասին հայտարարել է պետդեպարտամենտի մամլո քարտուղար Վիկտորիա Նուլանդը:
Նուլանդի հայտարարությունը հրապարակվել է Foreign Policy թերթում:
«Մենք քննադատում ենք Թբիլիսիում տեղի ունեցած բռնությունը և բոլոր քաղաքական ուժերին կառուցողական երկխոսության կոչ ենք անում հանուն Վրաստանի ժողովրդավարական և տնտեսական զարգացման»,- հայտարարել է Նուլանդը:
Հիշեցնենք, որ նախագահի դիմումը ծրագրված էր անցկացնել Թբիլիսիի Ազգային գրադարանում, սակայն այնտեղ հավաքված «Վրացական երազանքի» կողմակիցներն ու նախկին քաղբանտարկյալները թույլ չեն տվել նրան ելույթ ունենալ: Բախումների արդյունքում տուժել են Վրաստանի խորհրդարանի մի քանի պատգամավորներ, Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան և Վրաստանում Ղազախստանի դեսպանի ավտոմեքենան:
Դեպքից հետո որոշում է կայացվել, որ նախագահը ժողովրդին կդիմի իր թբիլիսյան նստավայրից:
Վրաստանի ՆԳ նախարարությունը տեղեկացրել է, որ անցած օրվա դեպքերի կապակցությամբ երեք մարդ ձերբակալվել են: Նրանց նկատմամբ դատական գործընթացը կսկսվի այսօր:









































