Ադրբեջանի՝ Մալայզիայի հետ համատեղ արձակած արբանյակը թույլ կտա ոչ միայն երկրում լավացնել հեռախոսակապը, այլև այլ երկրների համար հեռահաղորդակցային ծառայությունների մատուցման վաճառքի հնարավորություն կտա: Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխտնօրեն Գրիգոր Սաղյանը, կապի լավացման տեսակետից արբանյակի դերը մեծ չի լինի և գերագնահատել դրա նշանակությունը պետք չէ, քանի որ Ադրբեջանում բջջային ծածկույթ հիմնականում բոլոր վայրերում կա: Այնուամենայնիվ, այն շրջաններում, որտեղ այդ ծածկույթը թույլ է, այժմ հեռախոսային կապը նորմալ կապահովվի:
«Սա կոմերցիոն նախագիծ է, որ ուղղված է անկախություն ստանալուն, քանի որ եթե սահմանային հատումներով անցնող կապը խաթարվի, ապա արբանյակը կաշխատի»,- ասաց Գ. Սաղյանը:
Նա հիշեցրեց, որ Հայաստանը ևս նախապատրաստվում է արբանյակ բաց թողնել տիեզերք. դեռ անցած տարի աշնանը այդ մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել Ռուսաստանի Դաշնության հետ: «Ադրբեջանից հետ մնալու հարց չկա: Քանի դեռ սեփական արբանյակը չկա, կարելի է վարձակալությամբ օգտագործել այլ ընկերությունների պատկանող արբանյակներ և պատվիրել պահուստային կապուղիներ»,- ասաց Գ. Սաղյանը՝ հավելելով, որ ՀՀ կապի օպերատորները ունեն նման կապուղիներ:









































