Այսօր՝ նախագահական ընտրություններից 9 օր առաջ, TNS opinion-ը ներկայացրեց «Հայաստանը՝ նախագահական ընտրությունների նախաշեմին» հարցման արդյունքները, որոնք բնութագրում են հայաստանցի ընտրողների տրամադրությունները և մտադրությունները, ինչպես նաև թեկնածուների ընթացիկ քարոզարշավի վերաբերյալ մարդկանց տեսակետները:
Հարցումն անցկացվել է 2013-ի հունվարի 31-ից մինչև փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում, 1609 դեմառդեմ հարցազրույց է անցկացվել ՀՀ բոլոր 10 մարզերում և Երևանի 12 համայնքներում: Հարցումը պատվիրել է Հայաստանի եվրոպացի բարեկամներ (ՀԵԲ) հասարակական կազմակերպությունը՝ ընտրություններին ընդառաջ փաստացի տվյալների վրա հիմնված քննարկումները խրախուսելու համար:
Արդյունքում՝ եթե նախագահական ընտրությունները կայանային նախորդ շաբաթ, Սերժ Սարգսյանը կհավաքեր 58,0% (-10,6% 2013-ի հունվարի հարցման տվյալների համեմատ) վավեր քվե (վավեր պատասխանները չեն ներառում «Դժվարանում եմ պատասխանել» և «Հրաժարվում եմ պատասխանել» տարբերակները, իսկ չմշակված տվյալները ներառում են դրանք՝ կազմելով 40,2% (-3,8%)): Հարցման համաձայն՝ Րաֆֆի Հովհաննիսյանը կստանար 33,0% (+12,2%) վավեր քվե (չմշակված տվյալները՝ 22,9% (+9,6%)):
Պարզելու համար ընտրությունների երկրորդ փուլի հավանականությունը՝ TNS opinion-ը գնահատել է նաև քվեարկելու հաստատակամությունը և վերլուծել այն հարցվածների բնութագրերը, ովքեր չեն բացահայտել ընտրելու իրենց մտադրությունները: Համաձայն այդ վերլուծության՝ Ր. Հովհաննիսյանն այժմ գտնվում է 26-34% միջակայքում, իսկ Ս. Սարգսյանը՝ 58-66%, և առաջին փուլում գործող նախագահի հաղթանակը շատ հավանական է՝ հիմք ընդունելով ընտրություններից երկու շաբաթ առաջ տիրող իրավիճակը:
«Հունվարի 31-ին ուսին հրազենային վնասվածք ստացած թեկնածու Պարույր Հայրիկյանի ընտրողները հիմա շատ ավելի վստահ են, որ իրենց որոշումը վերջնական է, նաև աճել է հասարակության տեղեկացվածությունը Հայրիկյանի մասին: Այնուամենայնիվ, նրա ընտրողների թիվը մնում է կայուն՝ կազմելով 4,9% (+0,1%) վավեր քվե: Հրանտ Բագրատյանը կհավաքեր 1,6% պակաս ձայն, քան հունվարին՝ ստանալով 2,8% վավեր քվե:
Ինչպես և հունվարին, հարցվածների մեծ մասը ծանոթ չէ մյուս չորս թեկնածուներին:
Ընտրողների ավելի քան 2/3-ը հավատում է, որ առաջիկա նախագահական ընտրությունները նախորդներից ավելի կազմակերպված կլինեն, նրանք նաև կարծում են, որ ԶԼՄ-ների լուսաբանումը ավելի չեզոք և անաչառ է, քան նախկինում:
Մարդկանց թիվը, ովքեր հաստատում են ընտրություններին մասնակցելու պատրաստակամությունը, գրեթե նույնն է, ինչ 2012-ի մայիսի առավել մրցակցային ընտրությունների ժամանակ»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց ՀԵԲ-ի գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքը:
Ուշագրավ հարցում և համեմատություն են անցկացրել խորհրդարանում երկրորդ ամենահզոր ուժի «Բարգավաճ Հայաստանի» էլեկտորատի հետ կապված: Ինչպես հայտնի է ԲՀԿ-ն թեկնածու չի առաջադրում և առաջիկա նախագահական ընտրություններում ոչ մեկի թեկնածությունը չի սատարում, բայց նրա էլեկտորատի 49.9 տոկոսը, հարցման տվյալների համաձայն, կընտրի Րաֆֆի Հովհաննիսյանին, 42 տոկոսը՝ ՍերԺ Սարգսյանին:
Եթե արտառոց որևէ բան չլինի, ապա 2013 թվականի փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում հարցվածների 61 տոկոսն իր ձայնը կտա Սերժ Սարգսյանին, 31 տոկոսը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին, 9 տոկոսը՝ այլ թեկնածուների:
Հարցվածների 64 տոկոսը երբեք չի քվեարկի Վարդան Սեդրակյանի օգտին, 63 տոկոսը՝ Անդրիաս Ղուկասյանի, 10 տոկոսը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի, 19 տոկոսը՝ Սերժ Սարգսյանի, 44 տոկոսը՝ Հրանտ Բագրատյանի օգտին:
Սերժ Սարգսյանի վարկանիշը հունվարին 44 տոկոս էր, հիմա 40.2, Րաֆֆի Հովհաննիսյանինը՝ 13.3 տոկոս էր, հիմա՝ 22.9, Պարույր Հայրիկյանինը՝ 3.1 տոկոս էր, հիմա՝ 3.4, Հրանտ Բագրատյանինը՝ 2.8 տոկոս էր, հիմա՝ 2, Վարդան Սեդրակյանինը՝ 0.3 տոկոս էր, հիմա մնացել է նույնը, Անդրիաս Ղուկասյանինը՝ 0.2 տոկոս էր, հիմա դարձել է 0.3:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի








































