Սիրիայի կառավարությունը բաց է ընդդիմության ներկայացուցիչների հետ երկխոսություն սկսելու համար, սակայն առանց նրանց կողմից առաջ քաշված նախապայմանների: Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, այս մասին հայտարարել է Սիրիայի տեղեկատվության նախարար Ադնան Մահմուդը:
Մահմուդի խոսքերով` դուռը բաց է, և ցանկացած սիրիացի կարող է ներս մտնել:
«Բայց եթե ինչ-որ մեկն ասում է` «կամ մենք քննարկում ենք այս հարցը, կամ ես սպանում եմ քեզ», ապա դա երկխոսություն չէ: Որևէ նախապայման չպետք է լինի»,-հայտարարել է նախարարը Սիրիայի ազգային հեռուստատեսության եթերում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սիրիայի արտգործնախարարի տեղակալ Ֆեյսալ Ալ-Միքդադը մերժել էր Ազգային կոալիցիայի առաջնորդ Մուազ Ալ-Խատիբի առաջադրած պայմանները երկխոսություն սկսելու համար: Ավելի վաղ Ալ-Խատիբը հայտարարել էր, որ պատրաստ է բանակցել Սիրիայի իշխանությունների ներկայացուցիչների հետ, եթե նրանք համաձայնեն բանտերից ազատ արձակել 160 հազար բանտարկյալների:








































