Բավարիայի Աուգսբուրգ քաղաքի զբաղվածության կենտրոնը ներողություն է խնդրել այն բանից հետո, երբ նրա աշխատակիցները 19-ամյա աղջկան, որն իրենց է դիմել աշխատանքի համար, առաջարկել են աշխատել տեղի հասարակաց տան բարում,- հայտնում է Augsburger Allgemeine թերթը:
Աղջկա մայրը կատաղել է, երբ տեսել է կենտրոնի նամակը, որով նրանք հայտնել են, որ իր աղջիկն աշխատանքի է ընդունվել հասարակաց տանը,- հայտնում է թերթը:
Զբաղվածության կենտրոնի ղեկավար Ռոլանդ Ֆյուրսթն ասել է, որ պետք էր նախօրոք խորհրդակցել աղջկա հետ նախքան նրան աշխատատեղ առաջարկելը: Նա նշել է, որ առաջարկված աշխատանքը չի ենթադրել աղջկա ներգրավումը մարմնավաճառության գործին:
Գերմանիայում մարմնավաճառությունը պաշտոնապես թույլատրելի է:
«Ես ուզում էի տներ մաքրելու նորմալ աշխատանք գտնել, ոչ թե աշխատել հասարակաց տան բարում: Ես շոկի մեջ էի, երբ տեսա նամակը, մայրս զայրույթից գոռաց»,- ասել է աղջիկը Augsburger Allgemeine-ին տված հարցազրույցում:










































