Կահիրե կատարած այցի ժամանակ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը երկրորդ անգամ է ենթարկվում Սիրիայի ընդդիմության կողմնակիցների կողմից հարձակման: Այս մասին հայտնում է Al-Arabiya հեռուստաալիքը:
Ահմադինեժադը ներկա է գտնվել իրանցի դիվանագետներից մեկի տանը կազմակերպված շքեղ ընդունելությանը, երբ նրա մոտ է վազել ագրեսիվ տրամադրված քաղաքացի, որը չգիտես, թե ինչպես էր հայտնվել միջոցառման հյուրերի շարքում:
Նախագահի թիկնապահներին և Եգիպտոսի ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է կանգնեցնել նրան Ահմադինեժադից մի քանի մետր հեռավորության վրա: Իրանի առաջնորդը չի տուժել:
Նախագահի ուղղությամբ վազելիս նա բացականչել է՝ «Մա´հ Ահմադինեժադին, մա´հ Ասադին»:
Ակտիվիստին շրջապատած թիկնապահները խուզարկել են նրան, սակայն որևէ զենք չենք հայտնաբերել: Ահմադինեժադի թիկնապահները ցանկացել են ձերբակալել և նրան հարցաքննել անձամբ, սակայն եգիպտական կողմի պնդմամբ՝ նրան ուղարկել են մոտակա ոստիկանական բաժանմունք: Ձերբակալվածի անունն ու ազգային պատկանելությունը չեն հաղորդվում:
Երկու օր առաջ էլ Ահմադինեժադի ուղղությամբ կոշիկ էին նետել, ինչից Իրանի նախագահին փրկել էր անվտանգությունը:








































