Այսօր միջազգային շուկաներում ոսկու մեկ տրոյական ունցիայի միջին կշռված գինը կազմել է 1467.4 ԱՄՆ դոլար (Նյու Յորքի ֆոնդային բորսայում` 1459.4 ԱՄՆ դոլար): 2003թ. մեր ԿԲ-ն իր ոսկու ողջ պահուստները` 1 տոննա 396 կիլոգրամ ոսկին, վաճառեց մեկ տրոյական ունցիան 395 ԱՄՆ դոլար գնով: Հասույթը կազմեց 17 միլիոն 800 հազար դոլար:
Այն ժամանակ հայտարարվեց, որ գործարքը հաջողված էր, քանի որ Կենտրոնական բանկը տարիների ընթացքում այդ ոսկին կուտակել էր 280 դոլարով: Նշվում էր, որ եկամտի տարբերությունը` 5.4 մլն դոլարը (կամ 3 մլրդ դրամը) փոխանցվել է պետական բյուջե:
Հիմա առաջնորդվելով նույն տրամաբանությամբ` կարող ենք հաշվարկել, թե պետական բյուջե որքան գումար կփոխանցվեր, եթե այդ ոսկին վաճառվեր երեկ: 1 տոննա 396 կիլոգրամ ոսկին 1460 ԱՄՆ դոլար/1 տրոյական ունցիա գնով վաճառելու դեպքում կստացվեր մոտ 65 մլն 800 հազար դոլար: Այսինքն` մեր կրած վնասը կազմում է մոտ 48 մլն դոլար:










































