Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը չի կարողանում հասկանալ, թե ինչու բժիշկ Էուֆեմիանո Ֆուենտեսը չի նշում այն բոլոր մարզիկների անունները, ում հետ աշխատել է:
Հիշեցնենք, որ Իսպանիայի ոստիկանությունը անցկացրել էր «Պուերտոյի գործողություն» անունը կրող հետաքննություն, ինչի արդյունքում բացահայտվել էր դոպինգային մի համակարգ հեծանվասպորտում, որ ղեկավարել է հենց այդ բժիշկը:
Ֆուենտեսը պատմել է, որ 2006 թվականին աշխատել է մի շարք մարզիկների հետ, այդ թվում ֆուտբոլիստների, հեծանվորդների, աթլետների, թենիսիստների ու բռնցքամարտիկների:
«Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում հիմա Իսպանիայի դատարանում: Չեմ հասկանում, թե ինչու դոկտոր Ֆուենտեսը չի նշում բոլոր անունները: Կարծում եմ՝ ավելի ճիշտ կլիներ, որ նա նշեր բոլոր անունները, ու մեղավորները պատժվեին: Չեմ հասկանում, թե ինչու դա չի կարելի է անել հեշտ ու հանգիստ:
Ես լսել եմ, որ նա աշխատել է այլազգի մարզիկների հետ, բայց քանի որ նա իսպանացի է, առաջին հերթին կասկածի տակ են առնվում իսպանացի մարզիկները: Կարող եմ ասել, որ այս հարցը ինձ էլ է շատ հուզում: Ամերիկացի հեծանվորդ Լենս Արմստրոնգի պես մարդկանց պատճառով տուժում է մարզիկների հեղինակությունը»,- հայտարարել է Ռաֆայել Նադալը:







































