Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Բելառուսի և Տաջիկստանի պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչները Մոսկվայում քննարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում «Անխախտ եղբայրություն-2015» և «Փոխգործակցություն-2015» առաջիկա համատեղ զորավարժությունների պատրաստության և անցկացման հարցերը: Այս մասին հայտնում է Rosbalt-ը՝ հղում անելով Ղազախստանի պաշտպանության նախարարությանը:
«Տվյալ զորավարժությունները ՀԱՊԿ շրջանակներում 6 երկրների փոխգործակցության կարևոր մաս են: Հենց այստեղ են ցուցադրվում բանակի իրական հնարավորությունները, զինծառայողներն արժեքավոր գործնական փորձ են ձեռք բերում, ամրապնդում են մարտական պատրաստությունը ազգային անվտանգության ապահովման ոլորտում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ այս տարի լայնածավալ զորավարժությունները կանցկացվեն Հայաստանի և Ռուսաստանի տարածքներում: Անցած տարի «Փոխգործակցություն-2014»-ն անցկացվել է Ղազախստանում: Այն ժամանակ զորավարժություններին ներգրավված է եղել ավելի քան 3 000 զինծառայող, 800 միավոր մարտական և հատուկ տեխնիկա, 30 ինքնաթիռ և ուղղաթիռ: «Անխախտ եղբայրություն-2014»-ն անցկացվել է Ղրղըզստանում:











































