Երեքշաբթի օրը Թուրքիայի Կարս գավառում տեղի է ունեցել TANAP նախագծի «հիմքի գցման» պաշտոնական արարողությունը: Այս մասին հաղորդում է թուրքական TRT Haber հեռուստաալիքը:
Արարողությանը մասնակցել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի նախագահներ Իլհամ Ալիևը, Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Գեորգի Մարգվելաշվիլին, ինչպես նաև մի շարք պաշտոնատար անձինք:
Պետության ղեկավարները սեղմել են խորհրդանշական կոճակը` ազդարարելով կառուցման սկիզբը: Դրվել է առաջին գազատար խողովակը:
Հիշեցնենք, որ TANAP նախագիծը ենթադրում է ադրբեջանական «Շահ Դենիզ» հանքից՝ թուրք-վրացական սահմանից մինչև արևմտյան Թուրքիա գազի մատակարարում:




































