Թունիսի Գաֆսա քաղաքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև: Ինչպես հաղորդում են տեղի ԶԼՄ-ները, ոստիկանները ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ են կիրառել:
Հինգշաբթի Գաֆսայի բնակիչները դուրս էին եկել բողոքի ակցիայի` դատապարտելով Թունիսի ընդդիմության առաջնորդ Շուքրի Բալաիդի սպանությունը: Ցույցի ընթացքում որոշ ցուցարարներ դյուրավառ հեղուկով շշեր են նետել ոստիկանների վրա: Ի պատասխան՝ ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի երեկոյան երկրի վարչապետ Համադի Ջեբալին պատճառաբանելով սուր ճգնաժամը՝ որոշել էր արձակել գործող կառավարությանը և ձևավորել տեխնիկական կաբինետ: Սակայն Թունիսի իշխող «Ալ-Նահդա» իսլամիստական շարժումը մերժել է այս առաջարկը:









































