Սահմանադրական փոփոխությունները չեն խոչընդոտի Սերժ Սարգսյանին վարչապետ կամ նախագահ առաջադրվել, «Ազատության» զրույցում այսօր կարծիք է հայտնել Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը։ Յուրաքանչյուր կուսակցություն, ասաց, ինքն է որոշելու այս կամ այն պաշտոնում ում առաջադրել։
Անցած տարվա ապրիլին, հանդիպելով սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներին, Սերժ Սարգսյանը հայտարարել էր.- «Ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար։ Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին։ Մեկ մարդը Հայաստանում երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի երկրի կառավարման ղեկին»։
«Հայտարարությունը հետևյալն է. այն մոդելը, եթե իր սրտով չլինի, բնականաբար, չի առաջադրվի։ Եթե կառավարման մոդելը մնաց կիսանախագահական կամ նախագահական, ինքը չի առաջադրվի»,- ասել է Գալուստ Սահակյանը։
Հարցին՝ այսինքն փոփոխությունները չեն փակո՞ւմ Սերժ Սարգսյանին վարչապետ կամ նախագահ առաջադրելու դուռը, Սահակյանն ասել է.- «Իհարկե, դա արդեն կուսակցության խնդիրն է, յուրաքանչյուր կուսակցությունը ինքը կարող է որոշել»։
Հանրապետականի տեսակետը՝ կիսանախագահականից կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու հարցում կարծր չէ, ասել է ԱԺ-ի նախագահ Գալուստ Սահակյանը։ Շահագրգիռ քաղաքական ուժերն ու հասարակական կազմակերպությունն են որոշելու, թե խորհրդարանում ի՞նչ տարբերակ է քննարկվելու. եթե պահպանվում է կիսանախագահականն՝ ի՞նչ փոփոխություններով, եթե խորհրդարանականի է անցում կատարվում՝ ի՞նչ սկզբունքներով։
«Մեկը կլինի, թե երկուսը կլինի, բնականաբար, խորհրդարանում նույնպես կքննարկվի, տեղի կունենան լսումներ, դրանից հետո կդրվի քվեարկության»,- ասել է Սահակյանը։
Նրա խոսքով՝ նախագահի հետ անցած շաբաթ հանդիպած 7 ուժերը պատրաստ են աշխատել նախագծի շուրջ՝ իրենց առաջարկներով։ ԱԺ-ի հանրապետական նախագահը լավատես է՝ վերջին ամիսներին սահմանադրական բարեփոխումների ջերմեռանդ հակառակորդ ԲՀԿ-ն էլ կմասնակցի քննարկումներին։
«Հենց այն հանգամանքը, որ հնարավոր է, որ երկու տարբերակ լինի, արդեն ազատ մթնոլորտ է ստեղծում ընդհանուր քննարկումների համար»,- ասել է նա։
Ամբողջությամբ՝ «Ազատություն» ռադիոկայանի կայքէջում









































