Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ ավարտվել է Գևորգ Այվազյանի գործի դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ 26-ամյա Գևորգ Այվազյանը 2014 թվականի մարտի 13-ին «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով ծանոթացել է Լոռու մարզի բնակչուհի Շողիկի (անունը փոխված է) հետ: Չարաշահել է նրա վստահությունը, խաբել ու մարտի 18-ից մինչև ապրիլի 5-ը խարդախությամբ հափշտակել է Շողիկի 1 միլիոն 573 հազար դրամը:
Գևորգ Այվազյանին մեղադրանք էր առաջադրվել խարդախության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Ըստ դատական ակտի՝ սարիթաղցի Գևորգ Այվազյանը, վարձակալական հիմունքներով բնակվել է Էրեբունու փողոցում: Նա «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքում իր համար ստեղծել է «Լսի դու մի բզբզա» էջը և շփվել է տարբեր կանանց հետ:
2014 թվականի մարտի 13-ին Գևորգն այդ էջի միջոցով ծանոթացել է «Միլենա Միլենա» գաղտնանունով գրանցված լոռեցի Շողիկի հետ:
Նամակագրության ընթացքում, չնայած իր էջի անվանմանը, Գևորգը ներկայացել է որպես ֆրանսահայ մեծահարուստ՝ Վարդան անունով, ասել է, թե Ֆրանսիայում բրենդային ապրանքների երկու մեծ խանութ ունի և Հայաստան է ժամանել ամուսնանալու նպատակով:
Շողիկը հավատացել է Գևորգին, նրան է տվել իր երկու հեռախոսահամարները:
Հեռախոսազրույցների ընթացքում Գևորգը Շողիկին խոստացել է օգնել՝ Վանաձորում հագուստի խանութ բացելու հարցում:
Հետագայում Գևորգը, հասկանալով, որ Շողիկը գայթակղվել է իրենով, լիովին վստահում է իրեն, ձեռնամուխ է եղել նրանից գումարներ հափշտակելու մտադրության իրականացմանը:
Նա 2014 թվականի ապրիլի 7-ին վերադարձնելու պայմանով մաս-մաս Շողիկից ստացել ու հափշտակել է 1 միլիոն 573 հազար դրամ գումար:
Գումարները Շողիկը Վանաձորից Երևան է ուղարկել տարբեր տաքսիստների միջոցով, ովքեր փողը Գևորգին են հանձնել Երևանում՝ կրկեսի շրջակայքում կամ Սեբաստիա փողոցում գործող «Էլլա» գիշերային ակումբի մոտ:
Հափշտակելով Շողիկի մեկուկես միլիոն գումարը՝ ապրիլի 7-ից հետո Գևորգը տարբեր պատրվակներով արդեն խուսափել է Շողիկի հետ շփումներից, ապրիլի 30-ից հետո իր կայքէջից չի օգտվել ու անջատել է Շողիկին հայտնի իր հեռախոսահամարը:
Գևորգն ընդհանուր իրավասության դատարանում իրեն լիովին մեղավոր է ճանաչել:
Ըստ տուժողի՝ Գևորգը «Օդնոկլասնիկի» կայքում ծանոթանալով իր հետ՝ ներկայացել է որպես Ֆրանսիայից ամուսնանալու նպատակով Երևան ժամանած հայ մեծահարուստ:
Ամուսնանալու նպատակով եկած մեծահարուստը պիտի որ չգրավեր Շողիկին, քանի որ վերջինս արդեն ամուսնացած կին էր ու՝ երկու երեխաների մայր:
Բայց Շողիկը տխուր իրականությունից կտրվել է Գևորգի հետ համացանցային շփումների ժամանակ ու կորցրել է իրականության զգացողությունը:
Գևորգի սիրո խոստովանությունները նա ընդունել է հալած յուղի տեղ, ու ծանոթության հինգերորդ օրը պատրաստ է եղել ֆրանսահայ միլիոնատեր Գևորգին պարտքով գումարներ տալ հայաստանյան սովորական քաղաքացու ընտանեկան սուղ բյուջեից:
Շողիկը Գևորգին հավատացել է առանց նրա հետ հանդիպելու, առանց նրա դեմքն անգամ տեսնելու:
Ըստ Գևորգի ներկայացրած «հեքիաթի»՝ նրա բանկային քարտերը Հայաստանում «բացվելու էին» ապրիլի 8-ին: Իսկ մինչև այդ՝ Գևորգը պետք է որոշ ֆինանսական հարցեր լուծեր, սակայն կանխիկ ոչ մի դրամ չուներ:
Գևորգը զգացմունքային Շողիկի վրա ազդել է՝ ասելով, թե մոր գերեզմանը պիտի Երևանում կառուցի հնարավորինս արագ, որպեսզի հասցնի հարսնացուի հետ մեկնել Ֆրանսիա: Դրա համար էր, իբր, նրան կանխիկ գումար հարկավոր:
Շողիկի ընտանիքն ունևոր չէր, նրա ամսական աշխատավարձը 50 հազար դրամ էր: Ու նա ամուսնուց թաքուն գրավ է դրել իր ոսկեղենը, գումարը Գևորգի ասած եղանակով՝ Երևան ուղևորվող տաքսիստների միջոցով, ուղարկել է Գևորգին:
Գևորգը երկու-երեք օրը մեկ Շողիկից գումարներ խնդրելու նորանոր պատճառներ է բերել, որոնք հիմնավոր են թվացել Շողիկին, ու կինը մեկը մյուսի հետևից կատարել է Գևորգի խնդրանքները: Նրան փող ուղարկելու համար ուրիշներից էլ է պարտքեր արել, նույնիսկ բանկերից վարկ է վերցրել, ներկայումս այդ պարտքերի, վարկերի ու տոկոսների տակ է հայտնվել:
Դատարանում Շողիկը թվարկեց, թե որ օրերին է փող ուղարկել իրեն անծանոթ «սիրելիին»` մարտի 18-ին` 300 հազար դրամ, մարտի 20-ին` 200 հազար դրամ, մարտի 24-ին` 180 հազար դրամ… ապրիլի 3-ին՝ 240 հազար դրամ, ապրիլի 5-ին՝ 250 հազար դրամ… Ընդամենը Շողիկը Գևորգին ուղարկել է 1 միլիոն 573 հազար դրամ: Շողիկը դատարանում ասել է, թե նախկինում «Օդնոկլասնիկի» կայքով ոչ մեկի հետ չէր ծանոթացել, միայն խաղեր էր խաղում: Գևորգը եղել է նրա առաջին համացանցային ծանոթը…
Շողիկը ապրիլի ութին սպասել է Գևորգի հայտնվելուն կամ գոնե գումարների վերադարձին: Բայց ո՛չ մեկն է տեղի ունեցել, ո՛չ էլ մյուսը: Հաջորդ օրը ևս Գևորգից ոչ մի տեղեկություն չի ստացվել:
Ապրիլի տասին Շողիկը ստիպված է եղել ամեն բան խոստովանել ամուսնուն:
Վերջինս, Շողիկի ասելով, խիստ զայրացել ու կնոջը տնից վռնդել է: Շողիկը վարձով է ապրել: Այդ ընթացքում Գևորգը համացանցային ասպարեզում թեթևակի երևացել է, փորձել է պատճառաբանել, թե «չի կորել», թե ինչ-որ անհեթեթ պատճառով իրեն «բռնել են», «հետապնդել են» և այլ արդարացումներ է բերել: Բայց արդեն ուշ էր:
Շողիկն արդեն դիմել էր իրավապահներին…
Տուժող կինը հայտնել է, որ ամուսինը հաշտվել է իր հետ, իրենք նորից միասին են, ընտանիքը վերականգնվել է:
Կատարվածի մասին նա ասել է. «Դե, ստացվել ա, խաբվել եմ, տվել եմ՝ ի՞նչ անեմ, միայն պնդում եմ իմ քաղհայցը, ուրիշ՝ ոչինչ… Եթե իմ գումարը վերադարձնի, թող դատարանը մեղմ վարվի նրա հետ, եթե ոչ՝ ոչ…»:
Գևորգն էլ պատասխանել է. «Ես երդվացել եմ, որ կվերադարձնեմ ու չեմ հրաժարվում…»:
Գործի բացահայտումից հետո, նախաքննության ընթացքում ու մինչ դատավճռի կայացման օրը տուժողին պատճառված վնասի ոչ մի դրամը չէր վերականգնվել:
Գևորգի հայրը, որ տաքսու վարորդ է ու գործով վկա է, դատարանում հրաժարվել է ցուցմունք տալ որդու վերաբերյալ, իսկ տուժողի վնասը հատուցելու հարցով էլ ասել է, թե իրենք բացարձակապես ոչ մի բան չունեն: Ինքն ու տղան ապրել են վարձով: Եթե որդին չազատազրկվի ու աշխատի, կարող է աստիճանաբար փակել պարտքը:
Ընդհանուր իրավասության դատարանը Գևորգ Այվազյանին մեղավոր է ճանաչել խարդախությամբ տուժողի գումարները հափշտակելու համար և դատապարտել է 2 տարի 3 ամիս ազատազրկման:
Պատժի սկիզբը՝ 2014 թվականի օգոստոսի 18-ից:
Գևորգ Այվազյանից հօգուտ տուժողի կբռնագանձվի 1 միլիոն 573 հազար դրամ՝ որպես հանցագործության հետևանքով անմիջականորեն պատճառված վնասի փոխհատուցում:
Գևորգ Այվազյանը բողոքարկել է այս դատավճիռը՝ վերաքննիչ դատարանից խնդրելով իր նկատմամբ պայմանական դատապարտություն կիրառել կամ մեղմացնել պատժաչափը:
Գործը գտնվում է վերաքննիչ քրեական դատարանի վարույթում:











































