Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Աքրամ Այլիսլիին, որը բազում քննադատությունների է ենթարկվել «Քարե երազներ» վեպի պատճառով, զրկել է հանրապետության ժողովրդական գրողի կոչումից: Ինչպես հաղորդում է Interfax-ը՝ երկրի նախագահը նման հրամանագիր է ստորագրել փետրվարի 7-ին:
Փաստաթղթի համաձայն՝ Այլիսլին զրկվել է նաև թոշակից, որը նշանակվել էր նախագահի կողմից: Հրամանագրում ասվում է, որ «գրողը, չարաշահելով ժողովրդի վստահությունը, իր վերջին ստեղծագործությունում խեղաթյուրել է փաստերը՝ կապված Ադրբեջանի պատմության հետ, և դա վիրավորել է ավելի քան մեկ միլիոն ադրբեջանցի փախստականների»:
Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպում մասնավորապես քննադատվում են 1980-ական թթ. Ադրբեջանի հայ բնակչության դեմ կիրառված բռնությունները:











































