Վրացական Apsny.ge կայքի փոխանցմամբ, Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերում զինծառայություն անցնող սպան Աբխազիայի Գալի շրջանում լքված տան ստուգման ժամանակ ենթարկվել է հարձակման: Ինքնաձիգներից արձակված կրակոցների արդյունքում զոհվել է սահմանապահ զորքերի բաժնի պետ, փոխգնդապետ Կվիտկոն:
Աբխազական լրատվամիջոցները նշում են, որ ընդհարման ժամանակ սպանվել են նաև հարձակում գործած Լաշա Սիչինավան և Մալխազ Խառչիլավան, որոնք աբխազական կողմից հետախուզման մեջ էին դիվերսիոն-ահաբեկչական գործունեության համար:
Այս կապակցությամբ Վրաստանի արտգործնախարարությունը հայտարարել է. «Մեր Ներքին գործերի նախարարությունը դեռևս 2002 թվականից է որոնում Սիչինավային, որը հեռակա կարգով դատապարտվել է 19 տարվա ազատազրկման` ավազակության, գողության և պատանդներ վերցնելու համար:
Այս հանցավոր միջադեպը հերթական անգամ ի ցույց դրեց, որ Ռուսաստանի Դաշնությունը և Վրաստանի տարածքում նրա օկուպացրած հատվածները «օրենքով գողերի» և այլ հանցագործների համար ծառայում են որպես ապաստարան, ինչի համար էլ այդ տարածքներում հաճախակի գրանցվում են հանցավոր բախումներ»: