Թուրքիայի հայ համայնքը և արտասահմանից այդ երկիր ժամանած հայերը Կայսերիի (Կեսարիա) Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մասնակցել են Միջինքի արարողությանը:
Ամեն տարի մատուցվող պատարագն այս տարի էլ է անցել մի քանի տասնյակ հայերի մասնակցությամբ՝ տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվակայքը: Միջոցառման վերաբերյալ այլ տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում:
Նշենք, որ Կեսարիայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 12-րդ դարում: Այժմ այն Փոքր Ասիայի կանգուն մնացած նշանակալի հայկական եկեղեցիներից է: Հայոց ցեղասպանության տարիներին Կեսարիայում հայերի կոտորածների ժամանակ եկեղեցին նույնպես տուժել է: 2000-ականների վերջին եկեղեցին վերանորոգվել է, ինչից հետո քիչ հաճախականությամբ եկեղեցում մատուցվում են պատարագներ և անցկացվում այլ արարողություններ, որոնց մասնակցում են այլ վայրերից քաղաք ժամանած հայերը:








































