«Ո՞վ է Վարդան Սեդրակյանը»,- նախորդ օրն ասաց ՀՀԿ ֆրակցիայի ղեկավար Գալուստ Սահակյանը «Հրապարակի» հարցին ի պատասխան, թե ինքն ինչպես է վերաբերվում Սեդրակյանի այն հայտարարությանը, որ կայրի իր մեքենան, եթե Պարույր Հայրիկյանը չդիմի ՍԴ:
«Ես նրան չեմ ճանաչում, որ բնութագրեմ իր արարքը, ի՞նչ կապ ունի Պարույր Հայրիկյանի դիմումն իր մեքենայի հետ, խիստ անորոշ դրսևորում է, չնայած՝ իր գույքն է, կարող է»: Բայց դա «մասամբ» էլ կարող է ՀՀԿ-ի գույքը լինել՝ նկատեցինք մենք, բանն այն է, որ ՀՀԿ ֆրակցիայում խոսվում էր, որ Վարդան Սեդրակյանի ավտոմեքենանեիից մեկն էլ («Վոլվո», որը, սակայն, դեռ գրանցված չէ) նախկինում պատկանել է ՀՀԿ ֆրակցիայի պատգամավոր, ոչ անհայտ Վահե Հակոբյանին, վերջինս այն նվիրել է իր քեռուն, նա էլ վաճառել է Սեդրակյանին: «Չէ, այլևս իր գույքն է, ուզում է՝ թող վառի, չի ուզում՝ թող չվառի, բայց լավ կանի՝ չվառի»,- ասաց Աժ-ում մարգարեի համբավ ունեցող Գալուստ Գրիգորիչը:
Մի քանի ժամ հետո Սեդրակյանը հայտարարեց, որ չի «վառելու իր գույքը». Աժ-ում տեսակետ կար, որ մարգարեն մարգարեին հեռվից է լսում: