Սահմանադրական փոփոխությունների գործընթացը մեկնարկելուց հետո Սերժ Սարգսյանը փոփոխություններ է անելու կառավարության կազմում: Քաղաքական շրջանակներում խոսակցություններ են շրջանառվում, որ կառավարության կազմում տեղի ունենալիք փոփոխությունները պայմանավորված կլինեն սահմանադրական փոփոխությունների շուրջ քաղաքական ուժերի կոնսոլիդացիայի պատկերով:
Երեկ Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունների շուրջ հանդիպումներ է ունեցել մի շարք կուսակցությունների ղեկավարների հետ՝ այդ քննարկումներին նրանց էլ ներգրավելու առաջարկով կամ ցանկությամբ: Սահմանադրական փոփոխությունների հարցում Ս. Սարգսյանին սատարող բանակի առաջամարտիկը Դաշնակցությունն է, և հենց այդ կուսակցությունն էլ երեկ առավոտյան քաղաքական ուժերից առաջինը հանդիպեց Ս. Սարգսյանի հետ: Հանդիպումից հետո ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ սահմանադրական փոփոխությունների դեպքում «գրեթե բոլոր կետերում կա փոխադարձ ընկալում»:
ՀՅԴ-ն դեռևս անցած տարվա հոկտեմբեր ամսին՝ ոչ իշխանական քառյակից սահուն կերպով դուրս գալուց հետո սկսեց Ս. Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների պաշտպանության ուղղությամբ զգուշավոր հայտարարություններ անել: Այնուհետև փոփոխությունների հետ կապված առաջարկություններ ներկայացրեց, ու հիմա պատրաստվում են այդ գործընթացների մեկնարկին՝ ամենայն հավանականությամբ իրենց աջակցության մասին հայտարարել:
Ս. Սարգսյանը երեկ գրեթե կայծակնային արագությամբ հանդիպեց մի շարք քաղաքական ուժերի ղեկավարների հետ ու նրանց հետ քննարկեց սահմանադրական փոփոխությունների հետ կապված հարցը: Դատելով Ս. Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ այդ ուժերի ղեկավարների ժպիտներից` կարելի է ասել, որ նրանք գրեթե բոլորը, մեծ հաշվով, չեն ընդդիմանալու այդ գործընթացներին: Ճիշտ է, նրանցից ոմանք, օրինակ` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հանդիպումից հետո հայտարարել է, որ չի պաշտպանի այդ փոփոխությունները, գուցե նման մի հայտարարություն էլ անի նաև «Օրինաց երկիր» կուսակցությունը, բայց այդ ուժերը սահմանադրական փոփոխությունների գործընթացին, մեծ հաշվով, չեն ընդդիմանա: Ս. Սարգսյանն անհրաժեշտ համաձայնությունը կապահովի առանց գոյության համար կռիվ տվող ԲՀԿ-ի և ընդդիմադիր դաշտում իր անվարժ քայլերն անող ՕԵԿ-ի:
Դրանից հետո Ս. Սարգսյանը կանցնի կառավարությունում որոշակի փոփոխություններ իրականացնելու գործընթացին: ՀՅԴ-ն Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների մասին իր վճռական վերաբերմունքի շնորհիվ պատվավոր տեղ կունենա կառավարությունում: Երկար ժամանակ է` համառ խոսակցություններ են շրջանառվում, թե ՀՅԴ-ն Հանրապետական կուսակցության հետ կոալիցիա կազմելու դեպքում քանի և ինչ պաշտոններ է ստանալու: Կարծիք կա, որ այդ կուսակցությանը կրկին բաժին են հասնելու սոցիալական ոլորտի նախարարությունները: Ընդհուպ նշվում է, որ գալիք նշանակումների հանգույն, կարկառուն ՀՅԴ-ականներ Դավիթ Լոքյանն ու Լևոն Մկրտչյանն այս անգամ չդարձան Բյուրոյի անդամ:
Առայժմ դժվար է ասել, թե այդ փոփոխություններին սատարող ուժերից, օրինակ, Արտաշես Գեղամյանի «Ազգային միաբանություն», Խոսրով Հարությունյանի Քրիստոնեա-դեմոկրատական, Հայկ Բաբուխանյանի Սահմանադրական իրավունք միություն կուսակցություններից ով ինչ պաշտոն կստանա նոր կառավարությունում:
Բանն այն է, որ քաղաքական շրջանակներում չեն բացառում, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացը կարող է դառնալ կառավարությունը, այդ թվում` նաև վարչապետին փոխելու առիթ: Հատկապես, եթե նկատի առնենք, որ Հովիկ Աբրահամյանի ծառայությունների կարիքը Սերժ Սարգսյանը չունի: Հայտնի է, որ տարիներ շարունակ քաղաքական քննարկումներում նա եղել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի և իշխանությունների միջև գլխավոր բանակցողը: Նա պետք է իր խնամի Գ. Ծառուկյանին զսպեր չանցնել ռուբիկոնը իշխանությունների դեմ պայքարում: Ինչպես տեսանք, դա Հ. Աբրահամյանին չհաջողվեց, գուցե նա այդ ուղղությամբ առանձնապես չէր էլ աշխատում, բայց ԲՀԿ ղեկավարին ոչնչացրեց Ս. Սարգսյանն անձամբ: Այդպիսով Հ. Աբրահամյանի դերն ու նշանակությունը ՀՀԿ-ի վերնախավում կտրուկ նվազեց:
Բացի այդ, Հայաստանում տնտեսական վիճակը գնալով վատթարանում է Հ. Աբրահամյանի գործողությունների արդյունքում և անկախ դրանից: Ներքաղաքական դաշտում ԲՀԿ-ի հետ կատարվածից հետո առկա լարվածությունը ինչ-որ կերպ թուլացնելու, որոշակի դրական սպասումներ առաջացնելու համար չի բացառվում, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացները առիթ հանդիսանան կառավարությունը վարչապետի հետ փաթեթով փոխելու համար:











































