Մարտի 11-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանին ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղար Բան Կի-Մունը:Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Ողջունելով դեսպան Մնացականյանին` ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը միջազգային բազմակողմ գործընթացներում, ինչպես նաև ՄԱԿ-ի գրասենյակի աշխատանքներին ցուցաբերվող աջակցությունը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանը Գլխավոր քարտուղարին փոխանցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցիհամահայկական հռչակագրի տեքստը` թարգմանված ՄԱԿ-ի բոլոր պաշտոնական լեզուներով` նշելով, որ Հռչակագիրը միտված է ցեղասպանության դեմ համամարդկային պայքարի ամրապնդմանն ու զարգացմանը:
Դեսպան Մնացականյանը Գլխավոր քարտուղարին տեղեկացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մասին` ընդգծելով դրանց կարևորությունը ոճրագործությունների անթույլատրելիության վկայակոչման և ցեղասպանության կանխարգելմանն ուղղված հետևողական ջանքերի ամրապնդման առումով: Դեսպան Մնացականյանը բարձր է գնահատել ցեղասպանության կանխարգելմանն ուղղված գործընթացներում ՄԱԿ-ի առանցքային դերակատարությունը` որպես համամարդկային և բարոյական արժեքների վրա հիմնված միջազգային կարևորագույն նշանակություն ունեցող կառույց:
Զոհրաբ Մնացականյանը Բան Կի-Մունին տեղեկացրել է նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «100 LIVES» նախաձեռնության շրջանակներում ս/թ. մարտի 10-ին Նյու Յորքում պաշտոնապես ազդարարված մարդասիրական «Ավրորա» մրցանակի մասին:









































