Երկրի ծովերում և օվկիանոսներում բնակվում է տարբեր կենդանի օրգանիզմների 228 հազար 450 տեսակ։ Նման եզրակացության է եկել գիտնականների միջազգային թիմը, որն զբաղվում է համեմատական վերլուծությամբ ու տարբեր երկրներում առկա համապատասխան տվյալների բազաների համախմբմամբ ծովային կենդաբանական տեսակների համաշխարհային ռեեստր կազմելու նպատակով։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Գիտնականների խոսքով՝ մինչ օրս հայտնի կենդանիների 190 հազար 400 անվանումներ նույն ծովային կենդանի օրգանիզմի տարբեր անվանումներ են։
Այդ առումով ռեկորդակիր է ծովային լորձնէակ Littorina saxatilis-ը։ Գիտնականները հաշվել են նրա 113 անուն։ Նախկին կատալոգը, որում հաշվվում էր 419 անուն, 8 տարի առաջ սկսված աշխատանքի արդյունքում կրճատել են 45 տոկոսով։
Նոր ցուցակում 195 հազար տեսակները (86%) ծովային կենդանիներ են։ Ավելի քան 18 հազարը ձկնատեսակներ են, ավելի քան 1800-ը՝ ծովաստղերի տեսակներ, 93-ը՝ կետեր ու դելֆիններ։ Մնացած հորիզոնականները զբաղեցնում են կակղամորթները, բույսերը, բակտերիաները, վիրուսները, սնկերն ու միաբջիջ օրգանիզմները։
Նշվում է, որ միայն անցած տարի բացահայտվել է կենդանի օրգանիզմների 1451 տեսակ։ Նախագծի մասնակիցների գնահատականներով՝ լաբորատորիաներում կան ավելի քան 10 հազար նոր տեսակներ։
Գիտնականների կանխատեսումներով՝ 500 հազարից 2 մլն ծովային կենդանի օրգանիզմների տարատեսակները դեռևս սպասում են իրենց բացահայտմանը։










































