Քրդական Fırat լրատվական գործակալության փոխանցմամբ, Մարմարա ծովի Իմրալը կղզում ցմահ բանտարկություն կրող քուրդ առաջնորդ, «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) հիմնադիր Աբդուլլահ Օջալանն իր փաստաբանների միջոցով հերթական հայտարարությունն է արել.
«Անհրաժեշտ է իշխանություններին ևս մեկ շանս ընձեռել քրդական հարցի սահմանադրական-ժողովրդավարական լուծման համար, որովհետև սա նրանց համար կհանդիսանա վերջին շանսը: Եթե քրդական հարցը չլուծվի այդ ճանապարհով, ապա կսկսվի պատերազմական ժամանակաշրջանը:
Մենք մի քանի ամիս ժամանակ ենք տալիս թուրքական կառավարությանը` անկախ նրանից, թե հունիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո այս կառավարությունը կմնա, թե նրան կփոխարինի մեկ այլ կառավարություն»:
Հիշեցնենք, որ անցյալ տարեվերջին Օջալանը նշել էր. «Արդեն 8 տարի է, ինչ ես շանս եմ տալիս Էրդողանի կուսակցությանը: Սա արդեն 5-րդ ընտրությունն է: Ամեն անգամ գալիս են ինձ մոտ և ասում. «Թող այս ընտրություններն էլ անցնեն» կամ «Սպասի՛ր հաջորդ ընտրություններին»: Այժմ ինձ դարձյալ ասում են. «Սպասի՛ր հաջորդ ընտրություններին»: Սա Էրդողանի վերջին հնարավորությունն է»:
Իսկ դրանից առաջ էլ Օջալանը թուրքական իշխանություններին սպառնացել էր հազար տարվա պատերազմով:











































