«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը հայտարարում է 2015 թվականի իր անդրանիկ ցուցադրության բացումը, որը կմեկնարկի հայ ժամանակակից արվեստագետ Սահակ Պողոսյանի «մեծ մորս աչքերի լռությունը» նախագծով, այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրին մամլո կենտրոնից: «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին արվեստի կենտրոնը միանում է համայն հայությանը՝ ոգեկոչելու ազգային գոյատևումը մարդկության պատմության ամենամութ էջերում:
Ցուցադրության մեջ արվեստագետը յուրովի է նյութականացրել Հայոց ցեղասպանության շարունակվող ներկայության իր վերապրումը:
«Մեծ մորս աչքերի լռությունը» նախագիծը պատկերում է արվեստագետի՝ Եղեռնը վերապրած մեծ մոր երբևէ չպատմված պատմությունը, որը որքան անձնական, այնքան էլ համընդհանուր անդրադարձ է ցավագին լռության մեջ տարիներ շարունակ հարատևած ոճիրին:
Արվեստագետի ազդեցիկ ստեղծագործ ուժով երևան է հանվում հազարավոր չլսված ձայներից մեկը, որը երբեք այլևս չի լռեցվի:
Ցուցադրությունը կազմակերպվել է Սահակ Պողոսյանի և ցուցադրության համադրող արվեստի քննադատ Նազարեթ Կարոյանի հետ համատեղ:
«Մեծ մորս աչքերի լռությունը» ցուցադրությունը հանրության համար բաց կլինի մարտի 13-ից Արծիվ սրահում: Ցուցադրությունը կտևի մինչև մայիսի 31-ը: Ցուցադրության մուտքն անվճար կլինի մարտի 13-15-ն ընկած ժամանակահատվածում:
Սահակ Պողոսյանը հայ ժամանակակից արվեստի ներկայացուցիչներից է: Նրա հիմնական անհատական նախագծերից են «Մեր բոլորի Մայրենիքը» (Գևորգյան պատկերասրահ, Երևան, Հայաստան, 2003), «Մարդ-Դրամ» (Հարվեստ պատկերասրահ, Լոս Անջելես, ԱՄՆ, 2006), «Արևելյան գեղեցկություն» (Ակումբ, Երևան, Հայաստան, 2009):
2005թ. Սահակ Պողոսյանը Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի կողմից արժանացել է հատուկ դիպլոմի՝ Գլենդելի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական կաթոլիկ եկեղեցու ձևավորման համար:









































