Ռուսաստանը ժամանակի ընթացքում կկարողանա չինական վճարային ենթակառուցվածքն օգտագործել SWIFT-ի փոխարեն: Bloomberg TV-ին տված հարցարզրույցում այս մասին ասել է VTB խմբի ղեկավար Անդրեյ Կոստինը:
«Ժամանակի ընթացքում, այո, բայց ոչ հիմա»,- պատասխանել է նա հարցին՝ կարո՞ղ է Ռուսաստանը SWIFT-ի հետ կապված խնդիրների դեպքում անցնել չինական միջազգային վճարային համակարգին (Chinese International Payment System, CIPS): «Միջազգային ֆինանսական համակարգը մեզ համար դառնում է ոչ այնքան հարմար, քանի որ վտանգ է ներկայացնում մեր անվտանգության համար: Մենք, անշուշտ, ավելի մոտ կաշխատենք չինացի գործընկերների հետ` այլընտրանքային համակարգեր զարգացնելու համար»,- ասել է նա:
Միաժամանակ, Կոստինը կասկածում է, որ բանը կհասնի ծայրահեղությունների: «Ես հավատում եմ, որ անջատման վերաբերյալ որոշումներ չեն լինի, քանի որ դա շատ անբարյացակամ և նույնիսկ թշնամական է Ռուսաստանի նկատմամբ»,- ասել է նա:
Երեկ Reuters-ը հայտնեց, որ Չինաստանը կարող է 2015 թ. սեպտեմբեր-հոկտեմբերին միջազգային վճարային համակարգ թողարկել յուանով արտաքին հաշվարկների համար: CIPS-ն տարբեր երկրների բանկերին հնարավորություն կտա իրար հետ դոլարի փոխարեն յուանով պատվերներ փոխանակել այդպիսի գործարքների ծախսերի նվազման հաշվին:









































