Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին զորակցություն և աջակցություն է ցուցաբերել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով։ Այս մասին հայտնում է The Daily Mail-ը։
Երեքշաբթի 53-ամյա դերասանը միացել է իրավապաշտպան, փաստաբան կնոջը՝ Ամալ Քլունիին, Նյու Յորքում տեղի ունեցած «100 կյանք» նախաձեռնության մեկնարկի միջոցառմանը։ Քլունին ելույթ է ունեցել նախաձեռնության համահեղինակ Ռուբեն Վարդանյանի հետ, և նրանք միասին խոսել են Ցեղասպանության 100-րդ տարելիցի կարևորության մասին։
«Մեծ պատիվ ունեմ առնչվելու «100 կյանք» նախաձեռնությանը, քանի որ այն ընդհանուր առաքելություն ունի իմ հիմնադրամի՝ Not On Our Watch-ի հետ՝ գլոբալ ուշադրությունը կենտրոնացնելու ցեղասպանության հետևանքների վրա, ինչպես նաև ռեսուրսներն ուղղելու աշխարհում զանգվածային գազանությունների կանխմանը»,- ասել է նա։
«Բոլորի վրա պետք է ծանր կշիռ ունենա այն, որ Ցեղասպանությունը դեռևս շարունակվում է այսօր»,- ասել է Քլունին։ «Մենք պետք է լուծենք սա որպես անհատներ, որպես համայնքներ և որպես կառավարություններ»:















































