Պրահայում երեկ բացվել է Հոլոքոստի զոհերին նվիրված առաջին հուշարձանը՝ հայտնել է հանրապետական ռադիոն:
«Առաջին հուշարձանը՝ նվիրված Հոլոքոստի զոհերին, բացվել է Պրահայում երկուշաբթի։ Այդ օրը լրացավ ուղիղ 70 տարին, երբ Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարում սպանվեց մոտ 4 հազար հրեա, որոնք այստեղ էին բերվել չեխական Տերեզինե քաղաքի, այսպես կոչված, «ընտանեկան ճամբարից»»,- ասվում է հաղորդագրության մեջ:
1941-1945թթ. Պրահայից բռնությամբ նացիստական համակենտրոնացման ճամբարներ էին դուրս բերվել 45.513 մարդ՝ ներառյալ փոքրիկ երեխաներ։ Նրանց ճնշող մեծամասնությունը սպանվել է:
Այսուհետ չեխական մայրաքաղաքում այդ ողբերգության մասին կհիշեցնի Պրահա-Բուբնա կայարանի մոտ տեղադրված հուշարձանը, որտեղից հրեաները ուղարկվում էին մահվան ճամբարներ:
Հուշարձանի հեղինակն է ճարտարապետ Ալեշ Վեսելան:









































